Հոգևորականներից բացի, ձերբակալվել են նաև Արագածոտնի առաջնորդարանի հաշվապահը, գլխավոր հաշվապահը, գործավար–քարտուղարը։ ՀՀ քննչական կոմիտեի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնեց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։
Նրա խոսքով` նշված անձինք կանայք են։
Ֆարմանյանին ու մյուս փաստաբաններին թույլ չեն տալիս մտնել ՔԿ։ Շենքի մուտքը հսկում են ոստիկանության աշխատակիցները։
Այս ընթացքում ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները ԱԱԾ–ի հատուկջոկատայինների հետ մտան Արագածոտնի առաջնորդարան։
ԱԻՆ աշխատակիցներն առաջնորդարան մտան հատուկ սաղավարտներով ու լինգերով։
Sputnik Արմենիայի կադրերում երևում է, որ փրկարար ծառայության աշխատակիցնեից մեկը սնդուկ է հանել առաջնորդանից և փորձում է լինգով բացել այն։
Հիշեցնենք, որ այսօր բերման են ենթարկվել Արագածոտնի թեմի 11 հոգևորականներ, այդ թվում՝ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: Ըստ ՔԿ-ի` նրանց ձերբակալել են հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում:
Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա (Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին): «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։