ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. «Ռոսատոմը» չինացի գործարարների կողմից «մեծ ախորժակ» է տեսնում արկտիկական լայնություններում համագործակցության համար։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, լրագրողներին ասել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
«Մենք չինացի գործարարների կողմից շատ մեծ հետաքրքրություն, ես կասեի՝ ախորժակ ենք տեսնում արկտիկական լայնություններում համագործակցության համար»,-հայտարարել է Լիխաչովը՝ ամփոփելով Կառավարությունների ղեկավարների կանոնավոր հանդիպումների նախապատրաստման ռուս-չինական հանձնաժողովի Հյուսիսային ծովային ճանապարհի գծով համագործակցության ենթահանձնաժողովի՝ ՀԽրբինում կայացած երկրորդ նիստի արդյունքները:
Նրա խոսքով՝ դա վերաբերում է տրանսպորտային լոգիստիկային և տարանցիկ երթուղիների առաջատար նախագծերին՝ ոչ միայն Չինաստանի և Ռուսաստանի նավահանգիստների, այլև ՉԺՀ-ի և եվրոպական երկրների, եվրոպական նավահանգիստների միջև։
«Եթե Եվրոպա-Ասիա համանման ճանապարհը Հարավային ծովերով, Սուեզի ջրանցքով տևում է 30-35, մինչև 40 օր, ապա այստեղ մենք (Հյուսիսային ծովային ուղով- խմբ․) հաստատ տեղավորվում ենք 25-28 օրվա մեջ, հանգամանքների օպտիմալ այդ ընթացքի դեպքում կարելի է տեղավորվել նաև 14-15 օրվա մեջ, այսինքն՝ տնտեսումն ուղղակի ակնհայտ է»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտին հայտարարել էր, որ Արկտիկայի նշանակությունը Ռուսաստանի և ամբողջ աշխարհի համար անշեղորեն աճում է, ինչը հանգեցնում է տարածաշրջանում ազդեցության համար աշխարհաքաղաքական մրցակցության ուժեղացմանը: Իսկ 2025 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի ղեկավարը հայտնել էր, որ ՌԴ-ն մտադիր է ակտիվորեն զարգացնել տրանսարկտիկական տրանսպորտային միջանցքը։ Նա նշել էր, որ խոսքը նախագծի մասին է, որի մասշտաբները դուրս են գալիս Հյուսիսային ծովային ուղու շրջանակներից։