ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանի բակում հարյուրավոր մարդիկ են հավաքվել և սպասում են «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշմանը։
Քննիչը կալանքի երկարաձգման միջնորդություն է ներկայացրել դեռևս հոկտեմբերի 11-ին։ Գործարարի պաշտպանները երեկ հայտնեցին, որ միջնորդությունը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին։
«Սամվել, սպասում ենք», – մարդիկ այս վանկարկումներով իրենց աջակցությունն են հայտնում գործարարին։
Դատարանի շենքի մոտ են նաև գործարարի ընտանիքի անդամները, հարազատները, Եկատերինբուրգում ՀՀ նախկին պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանը։
Նարեկ Սպարտակյան
© Sputnik
Սպարտակյանը հաստատեց, որ իրեն պաշտոնից ազատել են Սամվել Կարապետյանին աջակցելու համար։ Նրան խնդրել են դիրքորոշում չհայտնել կամ հրաժարական տալ։
Կարապետյանի կողմնակիցները դատարանի ճաղավանդակներին ամրացրին Արցախի դրոշը։
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց հունիսի 18-ին։ Օգոստոսի 15–ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։