Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը

Սամվել Կարապետյանը. Արխիվային լուսանկար
Փաստաբանները դատավորի քայլերի մեջ էական խախտումներ են արձանագրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik․ Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին: Այդ մասին հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը։
Փաստաբանական խումբն այս տեղեկությունը ՀՀ հակակոռուպցիոն դատարանից ստացել է աշխատանքային օրվա ավարտին։
«Քննիչի կողմից միջնորդությունը ներկայացվել էր դեռևս հոկտեմբերի 11-ին, և այսքան տևական ժամանակ պահանջվեց մակագրման «թեկնածու» գտնելու համար: Դատավորը, ում մակագրվել է այս ակնհայտ անհիմն միջնորդությունը, հանրությանը հայտնի է որպես հնչեղություն ստացած գործերով բացառապես իշխանահաճո որոշումներ կայացնող դատավոր»,– ասված է հայտարարության մեջ:
Փաստաբանները նաև ուշագրավ մի հանգամանք են նշել` դատավորը, ստանալով նյութերը, արդեն իսկ էական խախտում է թույլ տվել` 24 ժամից պակաս ժամկետում նիստ նշանակելով:
«Հրատապության հարցը այս դեպքում առհասարակ բացակայում էր, քանի որ կալանքի ժամկետը լրանում էր հոկտեմբերի 18–ին: Այս գործողությունները ևս որևէ իրավական տրամաբանությունից դուրս են: Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման անվիճելի հանգամանքը հաստատված է. իրավունքների նման ծավալի կոպիտ խախտումներն ակնառու են և աննախադեպ»,– ընդգծել է փաստաբանական խումբը:
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց հունիսի 18-ին։ Օգոստոսի 15–ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։