Բլոգեր Արեգ Շչեպիխինը Մոսկվայում դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

Դատարանը նաև երկուսուկես տարի ժամկետով արգելել է Շչեպիխինին կառավարել ինտերնետային կայքեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը 5 տարվա ազատազրկման է դատապարտել բլոգեր Արեգ Շչեպիխինին, որը մեղադրվում է ատելության բորբոքման և այլ հանցագործությունների մեջ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Շչեպիխինին մեղավոր ճանաչել... որպես պատիժ նրան նշանակել ընդհանուր ռեժիմի գաղութում 5 տարվա ազատազրկում», - ասվում է դատավորի հրապարակած վճռում:
Դատարանը նաև արգելել է Շչեպիխինին երկուսուկես տարի ժամկետով կառավարել ինտերնետային կայքեր:
Չեչենների կողմից առևանգված բլոգեր Շչեպիխինի դեմ քրեական գործ է հարուցվել
Դատավարության ընթացքում դատախազը բլոգերի համար պահանջել էր 6 տարվա ազատազրկում ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում։ Փաստաբանը հայտնել է, որ Շչեպիխինը զղջում է իր արարքի համար և դատարանին խնդրել է իրեն չզրկել ազատությունից: Մեղադրյալը նիստի ընթացքում ներողություն է խնդրել իր արարքի համար և հրաժարվել է ելույթ ունենալուց։
Պաշտպանությունը կբողոքարկի բլոգեր Շչեպիխինի դատավճիռը։
Հիշեցնենք, որ Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը բլոգերին կալանավորել էր հունիսի սկզբին։ Ինչպես հայտնել է Մոսկվայի դատախազությունը՝ վկայակոչելով հետաքննությունը, Շչեպիխինը պատրաստել է սեփական հարցազրույցի տեսագրությունը, որը հուլիսի 2-ին տեղադրել է սոցցանցի իր էջում: Այնտեղ նա միտումնավոր վիրավորել է «մահմեդականների կրոնական պաշտամունքի օբյեկտները՝ այդպիսով անարգելով հավատացյալների կրոնական զգացմունքները, ինչպես նաև խտրական պահանջ է հայտնել որոշակի ազգության և դավանանքի անձանց՝ լքել Ռուսաստանի Դաշնության տարածքը»։ Շչեպիխինը մտցվել է ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկ։
Կայարանում բռնել են ու խցկել մեքենայի բեռնախցիկը. ինչ է հայտնի Արեգ Շչեպիխինի գործի մասին