ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. 1.5 ամսվա ընթացքում «Մեր ձևով» շարժման մասնակից է դարձել 5000 կամավոր։ Այս մասին «Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովի ժամանակ հայտարարեց շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Ամեն օր հարյուրավոր մարդիկ զանգահարում են, համացանցային կապ են հաստատում և միայնում են մեզ, առաջարկելով կամավորականություն, որպեսզի երկրում հնարավոր լինի կատարել այն փոփոխությունները, ինչը իրենք և մենք բոլորս տեսնում ենք։ Այս տեմպը եթե շարունակվի, մեր համախոհների թիվը մոտակա ամիսների ընթացքում կլինի տասնյակ հազարավոր։ Դա արդեն մեծ մերան կլինի մեր հասարակության մեջ անշրջելի փոփոխություններ կատարելու»,–ասաց Կարապետյանը։
Նրա խոսքով` մարդիկ միանում են իրենց Սամվել Կարապետյանի անվան, նրա հանդեպ վստահության պատճառով։
«Մենք 21–րդ դարում պետք է ստեղծենք մրցակցային պետություն»,–ասաց նա։
Հիշեցնենք` գործարար, բարերար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանը, օգոստոսի 29–ին հայտարարեց «Մեր ձևով» կամավորական շարժման ստեղծման մասին` ընդգծելով, որ Սամվել Կարապետյանը կլինի շարժման գաղափարական առաջնորդը։