Մելանյա Թրամփը Պուտինի թիմի հետ աշխատում է ուկրաինացի երեխաներին վերադարձնելու հարցի շուրջ

Խոսքը Ուկրաինայում հակամարտության պատճառով ընտանիքներից բաժանված երեխաների մասին է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահը պատասխանել է իբր առևանգված ուկրաինացի երեխաների մասին իր նամակին, և ինքն այդ հարցով աշխատում է Պուտինի թիմի հետ:
«Իմ ներկայացուցիչն աշխատում է անմիջականորեն նախագահ Պուտինի թիմի հետ, որպեսզի ապահովի երեխաների անվտանգ վերամիավորումը իրենց ընտանիքների հետ»,-ասել է նա՝ ուրբաթ օրը ելույթ ունենալով Սպիտակ տանը:
ԱՄՆ առաջին տիկնոջ խոսքով՝ վերջին օրերին 8 երեխա վերադարձել են իրենց ընտանիքներ:
Օգոստոսին հրապարակվել էր Մելանյայի նամակը՝ ուղղված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որում նա կոչ է անում պաշտպանել երեխաներին: Reuters-ը, հղում անելով Սպիտակ տան երկու պաշտոնյաների, ավելի վաղ հայտնել էր, որ Թրամփն անձամբ է Մելանյայի նամակը փոխանցել Պուտինին Ալյասկայում կայացած գագաթնաժողովի ընթացքում:
Ավելի վաղ ուկրաինական կողմը Ռուսաստանին էր փոխանցել Ուկրաինայից իբր առևանգված 339 երեխաների ցուցակը։ Ստամբուլում բանակցությունների երրորդ փուլին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ ուկրաինական ցուցակից մեծ թվով երեխաներ երբեք չեն եղել Ռուսաստանի տարածքում: Բացի այդ, պարզվել է, որ ցուցակից 50 ազգանուն պատկանում է մեծահասակներին։ Ընդ որում, երեխաների մի մասն արդեն վերադարձել են Ուկրաինա, այդ աշխատանքը շարունակվում է։