ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի նախկին գլխավոր ինժեների նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Քննչական կոմիտեն պարզել է, որ նա այլ անձանց հետ հափշտակել է 20 մլն 710 հզր դրամ։
«Մասնավորապես՝ Երևանի մետրոպոլիտենի և այլ անձանց միջև 2021 թվականի ապրիլի 30-ին կնքվել է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, համաձայն որի՝ տվյալ անձինք Մետրոպոլիտենի հավաքակայանում պետք է իրականացնեին վագոնների հիմնանորոգման և արդիականացման աշխատանքներ: Հիշյալ աշխատանքների կատարման համար ութ անձի փոխանցվել է ընդհանուր՝ 20 մլն 710 հզր ՀՀ դրամ գումար»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ութ անձից կազմված խումբը ձևավորվել է Մետրոպոլիտենի նախկին գլխավոր ինժեների կողմից, ինչպես նաև վերջիններս չեն հանդիսացել Մետրոպոլիտենի աշխատակիցներ և նախկինում որևէ առնչություն չեն ունեցել վագոնների վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքների հետ:
Նախկին գլխավոր ինժեները, ըստ իրավապահների, թաքցրել է, որ որոշ անձինք չեն կատարել վագոնների վերանորոգման աշխատանքները` պատասխանատուներին ասելով, թե նրանք կաշխատեն 18:00-ից հետո։ Քննչական կոմիտեն պարզել է, որ այդ անձինք որևէ աշխատանք չեն կատարել, բայց ստացել են պայմանագրով նախատեսված գումարները` 20 մլն 710 հազար ՀՀ դրամ գումարը։
Մետրոպոլիտենի նախկին գլխավոր ինժեների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախությունը), իսկ ութ անձի նկատմամբ՝ 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կատարված խարդախությունը):
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 5 մլն 47 հզր ՀՀ դրամը, իսկ վեց անձանց գույքի վրա վերջիններիս մեղսագրվող արարքով պատճառված վնասի չափով արգելանք է դրվել:
Վեց անձի վերաբերյալ քրեական վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին: