Քաղաքական հաշվեհարդարի հերթական ապացույց․ Մայր աթոռը՝ Միքայել սրբազանի դատավճռի մասին

Մայր աթոռը հետամուտ է լինելու իրավական, այդ թվում՝ միջազգային գործիքակազմի կիրառմանը Միքայել սրբազանի իրավունքների վերականգնման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik․ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ազատազրկելու վերաբերյալ անարդար դատավճիռը քաղաքական հաշվեհարդարի հերթական ապացույցն է։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր աթոռը։
Ավելի վաղ դատավոր Արմինե Մելիքսեթյանը կարդաց Միքայել սրբազանի դատավճիռը, որով բարձրաստիճան հոգևորականն ազատազրկվեց 2 տարի ժամկետով։
Մայր աթոռը շեշտում է՝ սա խոսքի և կրոնի ազատության, խտրականության արգելքի սկզբունքի կոպտագույն ոտնահարում է, ժողովրդավարական հասարակարգին նետված ուղիղ մարտահրավեր։
«Ի սկզբանե ակնհայտ էր, որ Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ունի քաղաքական դրդապատճառներ և իշխանությունների հակաեկեղեցական արշավի բացահայտ դրսևորումներից է»,- շեշտվում է հայտարարության մեջ։
Մայր աթոռն ընդգծում է՝ հետամուտ են լինելու իրավական, այդ թվում՝ միջազգային գործիքակազմերի կիրառմանը՝ Միքայել սրբազանի արդար իրավունքները վերականգնելու համար։
Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվել է հունիսի 28–ին։
Այսօր` հոկտեմբերի 3–ին, Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Միքայել սրբազանի դատավճիռը. նա մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։