ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik․ Միամտություն կլինի ակնկալել կամ հավատալ, որ դատարանն այսօր արդարադատություն է անելու։ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը։
«Դատարանն իր կողմնակալությունն արդեն ցույց է տվել վերդիկտի միջոցով, երբ քրեաիրավական հիմք չունեցող գործով Միքայել սրբազանին ճանաչեց մեղավոր։ Այս պարագայում որևէ դրական ելք ակնկալել այս դատարանից միամտություն է»,- ասաց նա։
Ընդդիմադիր պատգամավորը նշեց՝ եթե այսօր պատիժ նշանակեն Միքայել սրբազանին, և այն լինի ազատազրկման ձևով, ապա բոլորս պետք է ընդունենք, որ դատում են ոչ թե Միքայել սրբազանին, այլ դատում են մեր խիղճն ու հավատը։
Պատգամավորը շեշտեց, որ որոշ բացառություններով՝ դատավորների մեծ մասը դարձել է այս իշխանությունների կամքը կատարող և նրանց համար վճիռներ դակող։ Ըստ նրա՝ առաջին բանը, որ պետք է արվի իշխանությունների հեռանալուց հետո, դատական համակարգը շտկելն է՝ այն վերածելով իսկապես անկախ և օրենքով առաջնորդվող դատական համակարգի։
«Այսօր մենք ունենք դատավորներ, որոնք ծառայում են առանձին տերերի»,- հավելեց պատգամավորը։
Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվել է հունիսի 28–ին։
Ըստ մեղադրանքի` Միքայել սրբազանը, արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան ունենալով և հանդիսանալով Հայ առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով ԶԼՄ–ներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ՀՀ կառավարության ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ դիրքորոշումների հետ, նախ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025թվականի հունիսի 21-ին ԶԼՄ–ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։
Հավելենք, որ դատախազը միջնորդել է Միքայել սրբազանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով։ Դատարանը վճիռը կհրապարակի հոկտեմբերի 3-ին ժամը 17:30–ին։