ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում ջերմոցների աջակցության ծրագիրը կսահմանափակվի։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ 2023 թ–ին հաստատել էին ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը` որպես արդյունքային ցուցանիշ սահմանելով 35 հա նորագույն տեխնոլոգիաներով ջերմատնային տնտեսությունների հիմնումը։
Այս պահի դրությամբ նախարարությունն արձանագրել է, որ արդեն իսկ ունեն ջերմատնային տնտեսություն հիմնելու շուրջ 60 հա–ի հայտ, որից 15 հա–ն մինչև տարեվերջ ամբողջովին ավարտված կլինի, իսկ 45 հա–ի աշխատանքներն ընթացքի մեջ են։
«Արձանագրում ենք, որ կառավարության կողմից թիրախը ոչ միայն կատարվել է, այլև գրեթե կրկնապատկվել է։ Այսօրվա այս նախագծով առաջարկում ենք ծրագիրը դադարեցնելու փոխարեն աջակցության ծրագիրը շարունակել նոր պայմաններով, այն է` 2 տոկոսով նվազեցնել սուբսիդավորվող տոկոսադրույքը»,– հայտարարեց նա։
Նախարարի խոսքով` կսահմանվի նաև 12 ամիս վարկի մայր գումարի և տոկոսագումարների արտոնյալ ժամկետ` վարկի մարման ժամկետը կլինի 8 տարի։
Պապոյանը տեղեկացրեց նաև, որ այս փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2026 թ. հունվարի 1–ից։