ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Երևանի Ինժեներական քաղաքի լաբորատոր հզորություններից ավելի քան հինգ տարվա աշխատանքի ընթացքում օգտվել են Հայաստանի համալսարանների և ակադեմիական ինստիտուտների ավելի քան 300 գիտական նախագծերի համար: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Ինժեներական քաղաքը կառավարող «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։
Ինժեներական քաղաքի տարածքում արդեն հետազոտական ստորաբաժանումներ են բացել երեք ընկերություններ՝ Synopsys-ը, Emerson-ը (նախկին National Instruments-ը) և Philip Morris-ը:
«Ամբողջ աշխարհում միտում է նկատվում. խոշոր ընկերությունները հետազոտական ստորաբաժանումներ են ստեղծում, որոնք հաճախ աշխատում են առանձին։ Հայաստանը կարող է գրավիչ վայր դառնալ դրանց տեղակայման համար»,- նշել է Ենգիբարյանը։
Այսօր գործում է Ինժեներական քաղաքի առաջին հատվածը՝ ստարտափների աքսելերատորով և հետազոտական լաբորատորիաներով, որոնցից օգտվում են նաև գիտական ինստիտուտները, ինչպես նաև Emerson մշակումների կենտրոնը։ Երկրորդ աքսելերատորի շենքն արդեն պատրաստ է, մոտակայքում շենքեր են կառուցվում մի քանի խոշոր ընկերությունների համար։
Երկու հատվածների շինարարությունը նախատեսվում է ամբողջությամբ ավարտել 2026 թվականի վերջին։ Օբյեկտների մի մասը կառուցվել է Համաշխարհային բանկի վարկով, մնացածը կառուցվում են ՀՀ կառավարության միջոցներով։