ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը քննչական մարմիններին մեղադրում է բացարձակ անգործության մեջ։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ 100 օրից ավելի տևող քննությունը ոչ մի բանով չի տարբերվում այն վիճակից, որ կար 2025 թվականի հունիսի 17-ին, այսինքն՝ երբ գործարարը ձերբակալվեց։
«Ունենք քաղաքական հետապնդում, տոտալ անգործություն՝ բացառապես կալանքի ապօրինի պահպանման նպատակով և հիմք ընդունելով ֆեյսբուքյան արդարադատությունը»,- գրում է Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ պաշտպանական խումբը սեպտեմբերին մի քանի միջնորդություններ և դիմումներ է ներկայացրել քննչական խմբի ղեկավարին (այդ թվում՝ քննչական կոմիտեի նախագահին), դատախազության հսկողություն իրականացնող վարչության պետին (այդ թվում՝ գլխավոր դատախազին):
Միջնորդությունների հիմնական պահանջը մեկն է՝ նվազագույն ջանասիրության ու օրինականության ապահովում, քննչական գործողությունների կատարում:
«Քանիցս պնդում էի կատարել, ու հիմա էլ եմ պնդում, որ Սոմալիում նույնիսկ Սամվել Կարապետյանի գործին նման կամ համարժեք ապօրինությունների ծավալով դեպք չի արձանագրվել»,- շեշտում է Վարդևանյանը:
Հիշեցնենք` գործարար, բարերար Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Հուլիսի 17-ին նրան նոր մեղադրանք առաջադրվեցլ՝ փողերի լվացում և հարկերից խուսափում։ Օգոստոսի 15–ին ավելի քան 12 ժամ տևած դատական լսումներից հետո Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։