ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցություն է հղել ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանի մահվան կապակցությամբ։
«Ցավով տեղեկացա ականավոր ռեժիսոր և հայտնի հաղորդավար Տիգրան Քեոսայանի անժամանակ մահվան մասին։ Ցավակցությունս եմ հայտում Տիգրան Էդմոնդովիչի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին և նրա տաղանդի բոլոր երկրպագուներին»,- սոցիալական ցանցերի իր էջերում գրել է ՀՀ երկրորդ նախագահը։
Սեպտեմբերի 26-ին հայտնել էինք, որ 59 տարեկանում կյանքից հեռացել է Տիգրան Քեոսայանը։ Մոտ 9 ամիս առաջ` այս տարվա հունվարի 9–ին, հայտնի դարձավ, որ նա կլինիկական մահ է տարել և կոմայի մեջ է։
ԶԼՄ-ների տվյալներով՝ Քեոսայանը հիվանդանոց է տեղափոխվել 2024 թվականի դեկտեմբերի վերջին։ Այս ամբողջ ընթացքում նա գտնվում էր Մոսկվայի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում։
Քեոսայանը վառ հետք է թողել ռուսական կինոարվեստի և հեռուստատեսության մեջ, ինչպես նաև միլիոնավոր հանդիսատեսների սրտերում: Նա նկարահանել է «Խեղճ Սաշա», «Արծաթափայլ հովտաշուշան» և «Ղրիմի կամուրջ» ֆիլմերը։
Ընդհանուր առմամբ, նրա կինոգործունեությունն ընդգրկում է ավելի քան 40 աշխատանք 30 նախագծերում: Նա նաև РЕН ТВ-ում «Երեկոն Տիգրան Քեոսայանի հետ», «Բավական է լռել» հաղորդումների հեղինակն էր, НТВ-ում` «Միջազգային սղոցարան»-ի (վերջին թողարկումը թողարկվել է 2024 թվականի դեկտեմբերի 21-ին)։ Sputnik ռադիոյով հեռարձակվում էր «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարը։ 2024 թվականին Քեոսայանն արժանացել է «Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ», իսկ 2025 թվականին՝ «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ» կոչումներին։