ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Թուրքիան հրաժարվել է դոները «երաշխավորված ավանդական ուտեստ» գրանցելու մասին Եվրամիությանը ներկայացրած հայտից, ինչը, փաստորեն, փակում է Գերմանիայի հետ նրա բազմամյա վեճը այդ ուտեստի տարածված տարբերակների շուրջ: Այս մասին Bild–ին հայտնել է Եվրահանձնաժողովում գյուղատնտեսության հարցերով ներկայացուցիչը։
«Դոները որպես երաշխավորված ավանդական ուտեստ գրանցելու հայտը հետ է կանչվել 2025 թվականի սեպտեմբերի 23-ին։ Դա ինքնաբերաբար նշանակում է ընթացակարգի դադարեցում»,- հայտարարել է նա։
Թուրքիայի հայտարարությունն ավարտում է եռամյա վեճը, որի ընթացքում Անկարան պնդում էր, որ խիստ ձևակերպված բաղադրատոմսեր լինեն: Հայտի բավարարման դեպքում Գերմանիայում «դոներ» անվանման տակ հնարավոր չէր լինի վաճառել հորթի մսով, բանջարեղենով և տարբեր սոուսներով սիրված տեսակները:
Սահմանափակումներին կտրականապես դեմ էր Գերմանիան՝ նշելով, որ վտանգի տակ կհայտնվեն հանրային սննդի շուրջ 18,5 հազար կետեր։ Փորձագետների գնահատմամբ՝ Գերմանիայում վաճառողների մինչև 90%-ը այլևս չէին կարողանա օգտագործել սովորական դարձած «դոներ» անվանումը։
Նշենք, որ անցյալ տարվա սեպտեմբերին Եվրահանձնաժողովը Թուրքիային և Գերմանիային վեց ամիս էր տվել դոներ-քաբաբի բաղադրատոմսի և ծագման վերաբերյալ վեճի շուրջ փոխզիջում գտնելու համար:
Երեք տարի առաջ Թուրքիան դոների պաշտպանության հայտ էր ներկայացրել ԵՄ-ին՝ «երաշխավորված ավանդական ուտեստ» սխեմայի շրջանակներում, ինչը կնշանակեր, որ պարտադիր են պատրաստման թուրքական կանոնները, այդ թվում մսի ընտրությունը, մարինադը և կտրատման ձևը: Գերմանիան բողոք էր հայտնել նախաձեռնության դեմ՝ մատնանշելով գերմանացի արտադրողների համար հնարավոր սահմանափակումները:
Եթե կողմերը համաձայնության չհասնեին, Եվրահանձնաժողովը պետք է ինքնուրույն վճիռ կայացներ։