3 ամիս առաջ դրված մեր ստորագրությունները փոխանցում եմ «Պատիվ ունեմ»–ին. Սաղաթելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավորը հայտարարեց` ակնկալում է, որ ողջամիտ ժամանակահատվածում հնարավոր կլինի լրացնել պակասող ստորագրությունները և իմպիչմենտի իրական մեկնարկը տալ ԱԺ դահլիճում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. «Հայաստան» խմբակցությունն իր 28 պատգամավորի ստորագրությունը փոխանցում է «Պատիվ ունեմ» խմբակցությանը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործըթնաց սկսելու համար։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցությունն ամբողջովին համամիտ է «Պատիվ ունեմ»–ի հայտարարությամբ ներկայացված փաստերի ու հիմնավորումների հետ։
«Վերահաստատում ենք մեր դիրքորոշումները, որ Փաշինյանի կառավարման շրջանում բազմաթիվ անգամ խախտվել է մեր սահմանադրական կարգը, նա գործել է պետական դավաճանության հատկանիշներով և նրան պաշտոնազրկելու իրավաքաղաքական հիմքերն անհերքելի են։ Մենք կողմ ենք այս հայտարարությանը և կողմ ենք քվեարկելու»,– հայտարարեց պատգամավորը։
Իշխանյանն ընդգծեց, որ իրենք միանում են իմպիչմենտի գործընթացին և այդ մասին իրենք հայտարարել են դեռ երեք ամիս առաջ։
Ишхан Сагателян во время парламентских слушаний по инициативе фракции "Честь имею" (26 сентября 2025). Еревaн
Նշեց, որ հիմա այն պահն է, որ բոլոր ուժերը պետք է կենտրոնացնել իշխանական պատգամավորների վրա, որպեսզի կարողանան ունենալ պակասող անհրաժեշտ ստորագրությունները և սկսել գործընթաց։
«Հաշվի առնելով նոր իրողությունը և մեր գործընկերների վստահեցումները, ես մեր խմբակցության գործընկերների կողմից երեք ամիս առաջ դրված ստորագրությունները հիմա կփոխանցեմ «Պատիվ ունեմ» խմբակցությանը` կցելու իմպիչմենտի գործընթացին և ֆիքսելու, որ մեր ստորագրությունները կային ինչպես երեք ամիս առաջ, այնպես էլ հիմա։ Հիմա ուշադրություն` խուսափելու համար թյուրիմացություններից` եթե դա չբավարարի ու ֆիքսվի, որ տեխնիկական խնդիր կա, այս ստորագրությունները կտեղափոխվեն նաև այն ձևաթղթի տակ, որը ներկայացնում է «Պատիվ ունեմ» խմբակցությունը»,– հայտարարեց Սաղաթելյանը։
Նա ընդգծեց` ակնկալում է, որ ողջամիտ ժամանակահատվածում հնարավոր կլինի լրացնել պակասող ստորագրությունները և իմպիչմենտի իրական մեկնարկը տալ ԱԺ դահլիճում։
Սաղաթելյանի այս ելույթին հետևեցին ծափահարություններ։
Հիշեցնենք` ընդդիմադիր ակտիվիստ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ու «Վետօ» շարժման անդամ Նարեկ Մալյանը ապրիլի 28-ին 107 նամակներ ուղարկեցին ԱԺ 107 պատգամավորներին՝ առաջարկելով խելամիտ ժամկետում վարչապետի իմպիչմենտ նախաձեռնելու գործընթաց սկսել։
Депутаты во время парламентских слушаний по инициативе фракции "Честь имею" (26 сентября 2025). Еревaн
Մայիսի 2-ին «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ պատրաստ է միանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իմպիչմենտ նախաձեռնելու գործընթացին, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը։
«Պատիվ ունեմ» խմբակցությունը մայիսի 6-ին պատասխանեց առաջարկին` հայտարարելով, որ դեռ չունեն վարչապետի թեկնածու, և որ իրենց պատրաստակամությունն են հայտնում առանց որևէ նախապայմանի քննարկելու թեկնածուի հարցը։
Հունիսի 7–ին «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարեց, որ որոշել է անվստահություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և վարչապետի թեկնածու առաջադրել Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին։