ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik․ Իշխանությունների և իրավապահ համակարգի շահերից է բխում Մերձավանում տեղի ունեցած սպանությունը օր առաջ բացահայտելը։ Փարաքարի մշակույթի տան մոտ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Նշենք, որ մշակույթի տանն անցկացվում է սեպտեմբերի 23–ին կեսգիշերին մոտ Մերձավանում սպանված Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը։
«Զերծ կմնանք ծայրահեղ քաղաքական շահարկումներից առնվազն հիմա։ Իրավապահ համակարգի և իշխանությունների պատասխանատվությունը նաև կայանում է նրանում, որ հնարավորինս արագ բացահայտեն այս սպանությունը և դրանով փարատեն որևէ կասկած, մտահոգություն և դրանից բխող ծայրահեղ դրսևորումներ»,- ասաց Առաքելյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք քաղաքական ենթատեքստ կա՞ կատարվածի մեջ, թե՞ ոչ։
Նա հիշեցրեց, որ Մերձավանում սպանվել է նաև Վալոդյա Գրիգորյանի ընկերը՝ Կարեն Աբրահամյանը, որը ոստիկանության ծառայող է, ուստի ոստիկանությունը պետք է պատվախնդրություն դրսևորի նաև այս առումով։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք իրավապահ համակարգը մեղավո՞ր է Մերձավանում տեղի ունեցած սպանության համար, Առաքելյանը նշեց՝ իրավապահ համակարգը պատասխանատվություն ունի երկրում հանցագործությունների կանխարգելման համար։ Սակայն այսօր երկրում վխտում է ապօրինի զենքը, և այդ ուղղությամբ, ըստ Առաքելյանի, էական քայլեր չեն ձեռնարկվում։
Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Վալոդյա Գրիգորյանը 42 տարեկան էր, ունի չորս երեխա։ Գրիգորյանը Փարաքար համայնքի ղեկավար էր ընտրվել 2025թ. մարտի 30-ին կայացած ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով: Գլխավորում էր «Միասնություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը, որի մեջ էր նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը։