Թեհրանը չի շեղվի խաղաղ ատոմի զարգացման ուղուց. Էսլամին՝ Իրանի և ՌԴ-ի նախագծերի մասին

ԻԱԷԿ-ի ղեկավարի խոսքով` Իրանի միջուկային ծրագիրը թափանցիկ է, թեև Արևմուտքի ճնշման ներքո ՄԱԳԱՏԷ-ն խնդիրներ է ստեղծում այդտեղ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Իրանը չի շեղվի խաղաղ ատոմի զարգացման ուղուց։ Այս մասին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) նախագահ Մոհամմադ Էսլամին հայտարարել է Մոսկվայում կայացած «Համաշխարհային ատոմային շաբաթ» միջազգային համաժողովի ընթացքում:
Իրանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, ԲՐԻԿՍ-ին և ՇՀԿ-ին կօգնի հաղթահարել պատժամիջոցները. նախագահ
Նրա խոսքով՝ Իրանի միջուկային ծրագիրը ազգային մեծ ձեռքբերում է, սակայն Թեհրանն այդ ոլորտում բախվել է ԱՄՆ-ի և եվրոպական երեք երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա-խմբ.) հակազդեցությանը:
«Ակնհայտ դրսևորումներ են պատժամիջոցները, սպառնալիքները, ահաբեկումը, արդյունաբերական սաբոտաժը և ռազմական գործողությունները, ինչը միայն հիմա չէ, որ կատարվում է։ Նրանք լավ հասկանում և մասնավոր կարգով ընդունում են, որ Իրանի միջուկային ծրագիրը ոչ մի սպառնալիք չի պարունակում, սակայն ճնշումն ամեն օր աճում է»,- հայտարարել է ԻԱԷԿ-ի ղեկավարը։
Ինչպես նշել է Էսլամին, արևմտյան երկրները ձգտում են ոչնչացնել Իրանի միջուկային ծրագիրը, չնայած այն համապատասխանում է չափանիշներին:
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ժամանակին Իրանը 1 մլրդ դոլար է ներդրել երկրում ատոմային բլոկների կառուցման համար՝ գումարը փոխանցելով ֆրանսիական ընկերության: Ֆրանսիայի և Գերմանիայի մասնագետները նույնիսկ սկսել էին շինարարությունը, բայց հետո հրաժարվեցին նախագծերից։
«Դրանից հետո ոչ մի ընկերության, որը ցանկանում էր համագործակցել մեզ հետ, թույլ չտվեցին դա անել», – ասել է Էսլամին:
Երևանը ՄԱԳԱՏԷ-ի և գործընկերների հետ համատեղ կընտրի ԱԷԿ-ի նոր օպտիմալ տարբերակ. Փաշինյան
Սակայն, նրա խոսքով, ԱՄՆ-ն և եվրոպական երկրները չեն կարող ստիպել Թեհրանին հանձնվել։ ԻԱԷԿ-ի ղեկավարը պնդում է՝ երկրի միջուկային ծրագիրը թափանցիկ է, թեև ՄԱԳԱՏԷ-ն Արևմուտքի ճնշման ներքո խնդիրներ է ստեղծում այդտեղ:
Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Իրանն արտադրում է աշխարհի ամբողջ ատոմային էներգիայի միայն 3 %-ը, սակայն ՄԱԳԱՏԷ-ի ստուգումների 25 %-ը բաժին է ընկնում հենց ԻԻՀ-ին:
«Բավակա՛ն է։ Իրանի և իրանական ծրագրի ուղին լիովին թափանցիկ է, և մենք դրանից չենք շեղվի», - ընդգծել է Էսլամին։
Նա հավելել է, որ Իրանում կասեցված նախագծերը վերսկսել է «Ռոսատոմը», ինչը թույլ է տվել ինտեգրել ռուսական և գերմանական տեխնոլոգիաները: Էսլամիի խոսքով` Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը։ Թեհրանը մտադիր է «Ռոսատոմի» հետ տարբեր հզորությունների նոր կայաններ կառուցել։
Միայն ՌԴ–ն ունի ատոմային էներգետիկայի ամբողջ շղթայի ապահովման հնարավորություն․ Պուտին
«Համաշխարհային ատոմային շաբաթ» միջազգային համաժողովը, որը նվիրված է ատոմային և դրան հարակից ճյուղերին և անցկացվում է ի պատիվ ռուսական ատոմային ոլորտի 80-ամյակի, տեղի է ունենում սեպտեմբերի 25-28-ը:
Համաժողովին մասնակցում են ատոմային ծրագրեր զարգացնող երկրների, պետական կառույցների, խոշոր ընկերությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պրոֆեսիոնալ ատոմագետներ, գիտնականներ և գործարարներ: