ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Դատարանն այսօր վերացրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի երկրից բացակայելու արգելքը, ինչպես նաև հանեց կիսատնային կալանքը։
Դատական նիստից հետո փաստաբան Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատարանը բավարարել է իրենց միջնորդությունը։
«Դատարանն ինքը հասկացել է, որ Աշոտյանի փախուստի ռիսկ չկա։ Ճիշտ է` Աշոտյանի նկատմամբ երկրից բացակայելու արգելքը հանվեց, սակայն դա չի նշանակում, որ Արմեն Աշոտյանն ուր ուզի` կարող է գնալ. նրա անձնագիրը կմնա դատարանում, և ամեն անգամ երկրից դուրս գալուց առաջ նա անպայման պետք է ստանա դատարանի համաձայնությունը։ Վերադարձից հետո անձնագիրը նորից պետք է հանձնի դատաանին»,– ավելացրեց փաստաբանը։
Մելիքյանը դատարանի այսօրվա որոշումը մեկ քայլ առաջ համարեց, գնահատելի որոշում, իսկ այսօրվա նիստը, ընդհանուր առմամբ, արդյունավետ համարեց։
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 18–ին` ժամը 16։00–ին։
Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը կալանավորվեց 2023 թվականի հունիսի 16–ին։ 2024թ–ի սեպտեմբերի 10–ին դատարանը որոշեց ՀՀԿ փոխնախագահի խափանման միջոցը փոխել։ Այդ ժամանակվանից մինչ օրս Աշոտյանը կալանքի տակ է, քանի որ խափանման միջոցը փոխելու` պաշտպանների միջնորդությունները դատարանը մերժում է։
Հունիսի 9-ին հայտնի դարձավ, որ նրա խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվում է 2 ամսով:
Օգոստոսի 1–ին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը փոխարինվեց վարչական հսկողությամբ։
Հավելենք, որ Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը: