ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ՆԳՆ ոստիկանության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. 5 անձի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն։
Նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում ոստիկանության վաշտի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած անձը հափշտակել է ծառայողական տրանսպորտային միջոցների շահագործման համար հատկացված և իրեն վստահված 2,236,784 դրամին համարժեք 5,082 լիտր ավտոբենզինի կտրոններն ու կատարել պաշտոնեական կեղծիք:
«Նա կեղծ տվյալներ պարունակող ելքի ուղեգրեր է կազմել, թե իբր 2024 թ. հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 30–ն ընկած ժամանակահատվածում նշված ավտոմեքենաները շուրջ 43.000 կիլոմետր ավելի են երթևեկել, որի արդյունքում պաշտոնյան յուրացման եղանակով հափշտակել է ընդհանուր 1.953.620 դրամին համարժեք 4,247 լիտր ավտոբենզինի կտրոն»,– նշված է հաղորդագրությն մեջ:
Բացի այդ, տվյալ պաշտոնյան 2022–2024 թթ. ընթացքում հափշտակել և ոստիկանության ծառայողի միջոցով Երևանում գործող ավտոտեխսպասարկման կենտրոնի տնօրենին է փոխանցել 240 լիտր ավտոբենզինի կտրոն, իսկ 2023–2024 թթ. ընթացքում մեկ այլ ծառայողի է վաճառել իրեն վստահված ևս 320 լիտր ավտոբենզինի կտրոն:
Կոմիտեից նշում են նաև, որ նույն պաշտոնատար անձը 2021–2022 թթ. ընթացքում այլ հաստատություն գործուղված ոստիկանության ծառայողին հանձնարարել է ստորագրել իր կողմից կազմված ելքի կեղծ ուղեգրեր, թե իբր այդ ոստիկանը տվյալ ժամանակահատվածում հաճախել է աշխատանքի և նրա անվամբ դուրս է գրվել ընդհանուր 275 լիտր ավտոբենզինի կտրոն:
Ոստիկանության պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 445-րդ հոդվածի 1-ին մասով:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել պաշտոնավարման կասեցումը և բացակայելու արգելքը:
Մեղադրանքներ են ներկայացվել նաև ոստիկանության ևս 3 ծառայողի ու ավտոտեխսպասարկման կենտրոնի տնօրենին:
Պատճառված ավելի քան 2 մլն դրամի վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: