ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասում է հերթական ձախողումը. ԱՆԻՖ–ի նախկին ղեկավար

Նախկին տնօրենի դեմ քրեական գործ է հարուցվել։ Հարցաքննվել է նաև Երևանի քաղաքապետը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասում է հերթական ձախողումը։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱՆԻՖ–ի նախկին ղեկավար Դավիթ Փափազյանը։
«Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել իր և իր կառավարության խայտառակ սխալների և թերությունների համար, որոնք խափանեցին ԱՆԻՖ-ի հիմնադիր թիմի մշակած ծրագրերից մի քանիսը»,– հայտարարել է Փափազյանը։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ իրեն հարցաքննել են ԱՆԻՖ-ի գործունեության հետ կապված գործի քննության շրջանակում: Քաղաքապետն ակնարկել է, որ հիմնադրամի ծրագրերի ձախողման պատասխանատուն էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն է։ Վերջինս իր հերթին Ավինյանին է մեղավոր համարել։
Հիշեցնենք` այս տարվա օգոստոսին հայտնի դարձավ, որ ԱՆԻՖ պետական-մասնավոր ներդրումների հիմնադրամի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի դեմ քրեական գործ է հարուցվել: Փափազյանը, որը նաև գլխավորում է CFW ընկերության տնօրենների խորհուրդը, անցնում է փաստաթղթերի կեղծման, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ հափշտակության և փողերի լվացման գործով:
Քրեական գործեր են հարուցվել նաև CFW–ի տնօրեն Կարինե Անդրեասյանի դեմ՝ փողերի լվացման, ինչպես նաեւ «Հակաճգնաժամային ներդրումներ–գործարար+պետություն» ներդրումային հիմնադրամի տնօրեն Բելլա Մանուկյանի դեմ՝ փաստաթղթերի կեղծման և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ հափշտակության հատկանիշներով:
Տիգրան Ավինյանը ԱՆԻՖ-ի գործով 1.5 տարի առաջ հարցաքննվել է վկայի կարգավիճակով
ԱՆԻՖ հիմնադրամը ստեղծվել էր 2019 թվականին և ֆինանսավորվում էր պետական միջոցներով՝ ենթադրաբար տնտեսական բարեփոխումներին նպաստելու համար: Հիմնադրամի կառավարման համար ներգրավվել էին մասնավոր մասնագետներ, այդ թվում՝ արտերկրից։ Սակայն, ըստ ԶԼՄ-ների, միջոցների զգալի մասն ուղղվել է կասկածելի հեղինակություն և օֆշորային գրանցում ունեցող ընկերություններին` ԱՆԻՖ–ը 1,5 մլրդ դրամ (մոտ 3,8 մլն դոլար) է ներդրել CFW ընկերությունում, որի բաժնետերերը գրանցված են ԱՄՆ Դելավեր նահանգում։
5 տարվա ընթացքում ԱՆԻՖ-ը միլիոններ է ծախսել սակավաթիվ նախագծերի վրա, որոնց թվում են «Masdar» ընկերության (ԱՄԷ) «Այգ-1» արևային կայանը, որի շինարարությունը հետ է մնացել համաձայնեցված ժամկետներից, «Երեմյան» ընկերության անասնապահական համալիրը, «Ֆլայ Արնա» ավիաընկերությունը (ԱՆԻՖ-ի և «Էյր Արաբիա»-ի համատեղ ձեռնարկությունը), որը փակվեց 2024 թվականի հունվարին՝ գոյատևելով շուրջ երեք տարի։
ԱՆԻՖ-ի նախկին ղեկավարին մեղադրում են Գազայում սպանություններին մեղսակցության մեջ