Հնարավո՞ր է, որ ԱԱԾ տնօրենը գերիների հետ վերադառնա Բաքվից. Արմեն Գրիգորյանի պատասխանը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Բաքվում կազմակերպված համաժողովին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խուսափեց պատասխանել Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ հարցին։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ կառույցի ղեկավար Անդրանիկ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բաքու` մասնակցելու սեպտեմբերի 19-ից 21-ը կայանալիք անվտանգության 3-րդ միջազգային համաժողովին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովից առաջ լրագրողները Գրիգորյանին հարցրին` հնարավո՞ր է, որ ԱԱԾ տնօրենը գերիների հետ վերադառնա Բաքվից։
«ԱԱԾ–ն հաղորդագրություն է տվել։ Դրանից ավել բան չեմ կարող ասել»,– պատասխանեց նա։
Լրագրողները փորձեցին ճշտել` իսկ նրա այցից առաջ նման քննարկում եղե՞լ է։
«Եթե ինչ որ բան լինի, ԱԱԾ–ն հաղորդագրություն կտարածի»,– արձագանքեց ԱԽ քարտուղարը։
ԶԼՄ–ները նույն հարցն ուղղեցին նաև ՔՊ–ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանին։
«Նման տեղեկություն չունեմ, չեմ կարող ասել։ Բայց գերիներին վերադարձնելու գործընթացը շարունակական է, և որևէ հարմար առիթ բաց չեն թողնում այդ հարցին անդրադառնալու համար»,– պատասխանեց Խաչատրյանը։
Նա հավելեց, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը հիմա սաղմնային փուլում է, որքան հարաբերությունները կարգավորվեն, այնքան դա կնպաստի գերիների վերադարձին։
«Չեմ ընդունում ընդդիմադիրների ասածը, թե պետք է նախապայման լինի։ Որքան նախապայման դնենք, որևէ հարաբերություն չի սկսվի, գերիներին էլ կվնասի»,– եզրափակեց պատգամավորը։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Չտարածել հայ գերիների չճշտված ցուցակներ. Բեգլարյանը հաստատված 23 անուն է հրապարակել