ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Հուլիսի 18-ից ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակված ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը մոտ 5.2 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում, գրում է «Հրապարակ» թերթը։ Ռոմանոս Պետրոսյանին բարձր աշխատավարձ վճարելու պարտավորությունը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ, դրվել է ՀԷՑ-ի սեփականատիրոջ` Սամվել Կարապետյանի ուսերին։
Թերթը համեմատության համար հիշեցնում է, որ Պետական վերահսկողական ծառայության՝ ՊՎԾ պետի պաշտոնում, Ռոմանոս Պետրոսյանը ստանում էր 790 հազար դրամ աշխատավարձ։
«ՀԷՑ մտնելուց առաջ նա հայտարարեց, թե` հանուն Հայաստանի հանրապետության է գնում ՀԷՑ, իբր այն առողջացնելու նպատակով, և բոլորը մտածեցին, որ դա անշահախնդիր աշխատանք է լինելու` հանուն պետության: Իրականում ամեն օր ավելի ենք համոզվում, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես ՀԷՑ-ը իր սեփականատիրոջից խլելու մտադրություն ուներ, իսկ Ռոմանոս Պետրոսյանն էլ` թվանոց աշխատավարձ ստանալու ցանկություն»,–գրում է թերթը:
Նշվում է, որ հսկա կառույցը ընտրություններից առաջ արագորեն ՔՊ-ականացվում է: «Իշխանությունը որոշել է Սամվել Կարապետյանին բանտում պահել, նրա հաշվին մեծ խումբ ՔՊ-ականների բարձր վարձատրվող աշխատանքով ապահովել և ՀԷՑ-ի մոտ 7000 աշխատակիցների ներուժը իշխանության օգտին օգտագործել»,–ասվում է հոդվածում։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։