ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ դիտարկում է այն մարդկանց թեկնածությունները, որոնք ապագայում կարող են զբաղեցնել երկրի ղեկավարի պաշտոնը, սակայն կասկած է հայտնել, որ երկրի նախագահ կարող է կին դառնալ: Այս մասին այսօր հայտնել է ԲելՏԱ պետական գործակալությունը։
«Ես կանանց անչափ հարգում եմ և ուրախ կլինեի, եթե գտնվեր այնպիսի կին, որը կարող էր հիմա նախագահ լինել», — ասել է Լուկաշենկոն:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նախագահի գործը շատ ծանր է և հսկայական պատասխանատվություն է պահանջում: Լուկաշենկոյի խոսքով՝ ինքը ուշադիր հետևում է պոտենցիալ փոխարինողներին, սակայն կարծում է, որ ոչ բոլորը կարող են համապատասխանել այդ պաշտոնին։
«Եթե դու նախագահի բնատուր որակներ չունես, Բելառուս մի՛ խցկվիր», - հայտարարել է նա։
Լուկաշենկոն նաև նշել է, որ պետության ղեկավարի պաշտոնը փաստացի անձնական կյանքի տեղ չի թողնում:
«Եթե ուզում ես իսկական նախագահ լինել, մոռացիր, որ անձնական կյանք ունես։ Նախագահը նման բան չի կարող ունենալ», - ընդգծել է նա։
Բելառուսի առաջնորդը հավելել է, որ ներկա միջազգային իրավիճակը նախագահից պահանջում է լինել վառոդի հոտ առած մարդ:
«Դա իմ տեսակետն է։ Մարդու, որն անչափ հարգում է կանանց: Կինը բնության ստեղծագործությունն է: Բայց կարծում եմ` այսօր չի կարելի կնոջը նետել այդ «տաք թավայի» մեջ», - հայտարարել է Լուկաշենկոն։
Հիշեցնենք` Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1994 թվականից։