Հայտնի է` երբ ՍԴ–ն կքննի ՀԷՑ-ի վերաբերյալ հրատապ ընդունված օրենքների սահմանադրականությունը

ՀՀ ՍԴ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը որոշել է, որ «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետի, 27-րդ հոդվածի 2.1-ին և 2.2-րդ մասերի, 52-րդ հոդվածի, 52.1-ին հոդվածի և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործն ընդունել քննության:
Ինչպես հայտնում են ՍԴ–ից, այն քննության կդրվի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին:
Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորները Սահմանադրական դատարան են դիմել ոչ միայն ՀԷՑ-ի վերաբերյալ իշխանական խմբակցության ընդունած օրենքները հակասահմանադրական ճանաչելու հարցով, այլև միջնորդել են կասեցնել օրենքի գործողությունը, մինչև Բարձր դատարանը գործով որոշում կկայացնի: Սահմանադրական դատարանը 2 ամիս անց նոր որոշել է քննության առնել դիմումը։
Հայտը ՍԴ–ն ընդունել է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա։
«Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի գործով զեկուցող նշանակել Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Վաղարշյանին»,–ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ գործի դատաքննությունը կանցկացվի գրավոր ընթացակարգով: Սույն գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվում է Ազգային ժողովը:
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Սամվել Կարապետյանի պաշտպանները ՀԾԿՀ նախագահի դեմ հանցագործության հաղորդում կներկայացնեն