ՌԴ-ն Երևանից և Բաքվից «3+3» ձևաչափով հանդիպումը համաձայնեցնելու քայլեր է ակնկալում. ԱԳՆ

Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը հաստատում է գործընկերներին բոլոր ուղղություններով աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանը Հայաստանից և Ադրբեջանից գործուն քայլեր է ակնկալում «3+3» ձևաչափով հերթական հանդիպման անցկացման վայրի և ժամկետների շուտափույթ համաձայնեցման ուղղությամբ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Մոսկվան «3+3» ձևաչափով աշխատանքի շուտափույթ վերսկսման հույս ունի. ՌԴ ԱԳ նախարար
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայաստանցի գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափի երրորդ նախարարական հանդիպումը նախապատրաստման փուլում է, իսկ Մոսկվան հանդես է գալիս հաջորդ երկու հանդիպումները Երևանում և Բաքվում կայանալու օգտին:
Զախարովան նշել է, որ Մոսկվան հաստատում է գործընկերներին բոլոր ուղղություններով աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը:
«Սա լավ հարթակ է հայ-ադրբեջանական կարգավորման հարցերի և Հարավային Կովկասի համար այլ արդիական թեմաների քննարկման համար», – ասել է նա:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման հարցում Ռուսաստանի առաջնահերթությունները և նշել, որ Մոսկվան հետևողականորեն հանդես է գալիս այն բանի օգտին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ հաշտեցումը կայուն բնույթ կրի:
Մարիա Զախարովան նաև ընդգծել է Ռուսաստանի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում:
Փեզեշքիանը Պուտինի հետ խոսել է «3+3» ձևաչափի արդյունավետության մասին
Հիշեցնենք, որ Ռուսաստանն ակտիվորեն աջակցել է «3+3» ձևաչափի ստեղծմանը (Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը՝ մի կողմից, Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան՝ մյուս կողմից)։ Վրաստանն առայժմ չի մասնակցում նիստերին, սակայն մյուս անդամները բազմիցս հայտարարել են, որ Թբիլիսիի համար դուռը բաց է մնում: