ՌԴ դեսպանը Լեհաստանում տեղի ունեցածը ծրագրված սադրանք է անվանել. դեսպանություն

Գերմանիայի ԱԳՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ դեսպանին գերատեսչություն են կանչել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Լեհաստանում անօդաչուների հետ կապված միջադեպի կապակցությամբ Գերմանիայի ԱԳՆ կանչված ՌԴ դեսպան Սերգեյ Նեչաևը միջադեպն անվանել է ծրագրված սադրանք, որում առաջին հերթին շահագրգռված է Կիևը։ Այս հայտարարությունն արել է Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատունը։
Ավելի վաղ Գերմանիայի ԱԳՆ–ն հայտնել էր, որ Նեչաևին գերատեսչություն են կանչել Լեհաստանում անօդաչուների հետ կապված միջադեպի կապակցությամբ ։

«Ընդգծվել է, որ խոսքը ծրագրված սադրանքի մասին է, որում նախևառաջ շահագրգռված է մարտի դաշտում պարտություն կրող Ուկրաինան, ինչպես նաև եվրոպական այն երկրները, որոնք խաղադրույք են կատարում Ռուսաստանի վրա ճնշումն ուժեղացնելու և ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ ռուս–ամերիկյան երկխոսությունը խաթարելու վրա», – ասվում է Բեռլինում Ռուսաստանի դեսպանության մեկնաբանության մեջ, որը հրապարակել է ՌԻԱ Նովոստին։

Հիշեցնենք` Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը սեպտեմբերի 10-ին հայտարարեց, որ Լեհաստանի երկնքում խոցվել են «վտանգ ներկայացնող» անօդաչուներ, և դրանք անվանեց «ռուսական»։ Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ավելի ուշ հայտարարեց, որ խոսքն ավելի քան 10 ԱԹՍ–ի մասին է։ ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Օրդաշը հայտարարեց` Լեհաստանը որևէ ապացույց չի ներկայացրել, որ այդ ԱԹՍ–ները ռուսական են։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ղեկավարությունը ամեն օր սադրանքների մեղադրանք է հղում Ռուսաստանին`չփորձելով անգամ փաստարկներ ներկայացնել։ ՌԴ ՊՆ–ն հայտնեց, որ սեպտեմբերի 10-ի գիշերը Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների վրա ՌԴ ԶՈւ զանգվածային հարվածի ժամանակ Լեհաստանի տարածքում որևէ թիրախի խոցում չի նախատեսվել։ Գերատեսչությունը նշեց, որ պատրաստ է լեհ գործընկերների հետ խորհրդակցություններ անցկացնել սահմանն իբր հատած ԱԹՍ–ների թեմայով։
Գլխավոր շտաբի պետ, Բելառուսի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ գեներալ-մայոր Պավել Մուրավեյկոն էլ իր հերթին հայտնեց, որ Բելառուսը գիշերը տեղեկացրել է Լեհաստանին և Լիտվային նրանց սահմաններին մոտեցող անօդաչուների մասին, իսկ Վարշավան Մինսկին է զգուշացրել Ուկրաինայի տարածքից եկող անօդաչուների մասին: Նա նաև նշեց, որ Բելառուսի ՀՕՊ-ը գիշերը անընդհատ հետևել է անօդաչուներին, որոնք շեղվել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ազդեցության հետևանքով, «մոլորված» անօդաչուների մի մասը ոչնչացվել է ՀՕՊ–ի կողմից հանրապետության երկնքում: