ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. Իրանը ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին միջուկային օբյեկտներ այցելելու թույլտվություն դեռևս չի տվել՝ չնայած համագործակցության վերսկսման մասին պայմանավորվածությանը: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի ԱԳ նախարարը և ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը ստորագրել են համագործակցության վերսկսման մասին համաձայնագիր, որը դադարեցվել էր Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանին հասցված հարվածներից հետո:
«Պետք է նշեմ, որ տվյալ համաձայնագրով ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մենք ներկա դրությամբ հասանելիություն չենք տրամադրում», - ասել է Արաղչին:
Նրա խոսքով՝ Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն երկրի միջուկային օբյեկտներին տեսուչների հասանելիության շուրջ բանակցություններ կանցկացնեն ապագայում:
«Ընդհանուր առմամբ կարծում եմ, որ ձեռնարկված քայլը (համաձայնագիրը - խմբ.) ճիշտ ուղղությամբ է», - հավելել է նախարարը՝ ընդգծելով, որ ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի համագործակցությունը, այնուամենայնիվ, չի լինի այնպիսին, ինչպիսին եղել է նախքան Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից միջուկային օբյեկտներին հարվածելը:
Նա ընդգծել է, որ պայմանավորվածությունը հաշվի է առնում Իրանում ընդունված օրենքը և ենթադրում է, որ ՄԱԳԱՏԷ-ի հետ փոխգործակցության մասին բոլոր որոշումները կայացնում է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը, ինչն էլ արտացոլված է համագործակցության վերսկսման մասին ձեռք բերված համաձայնագրում:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հուլիսի 2-ին հրամանագիր է ստորագրել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնող օրենքի իրագործման մասին: Հրամանագրի հրապարակումից հետո գործակալության տեսուչները վտարվել են երկրից։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նշել է, որ չնայած երկրի` ՄԱԳԱՏԷ-ի հետ փոխգործակցությունը դադարեցնելու որոշմանը, համագործակցության ուղիները փակ չեն: Իրանում որպես համագործակցության վերականգնման պայման են նշել միջուկային օբյեկտների և ատոմագետ գիտնականների անվտանգության ապահովումը: