ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լռեցնում է ընդդիմախոսներին միայն իր քաղաքական գոյատևումն ապահովելու համար։ Նման տեսակետ է հայտնել ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը իրո սոցցանցում։ Նրա կարծիքով՝ Փաշինյանը նման գործելաոճով ինքն իրեն է հարվածելու։
«Հայ ժողովուրդը գուցե շատ բանի հետ կարող է հաշտվել, բայց չի հանդուրժի Փաշինյանի բռնատիրությունը։ Նրա բանտերն ու նրա պարանոյան նրան հետապնդելու են և դառնալու են իր իշխանության կորստի գլխավոր պատճառներից մեկը»,– գրել է նա։
Օսկանյանին մտահոգում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի հետ կատարվողը։
«Ինչպե՞ս կարելի է հանդուրժել այն խայտառակությունը, որ մարդը, որ այսքան շատ է տվել Հայաստանին, այսօր բանտում է միայն այն պատճառով, որ Փաշինյանը մահու չափ վախենում է կորցնել իշխանությունը։ Փաշինյանը կալանավայրերը լցնում է քաղաքական բանտարկյալներով՝ Կարապետյան, երկու արքեպիսկոպոս, պատգամավորներ, ընդդիմության առաջնորդներ, քաղաքացիական ակտիվիստներ»,– նշել է Օսկանյանը։
Վարդան Օսկանյանի խոսքով՝ ավելի քան երկու տասնյակ մեր հայրենակիցներ այսօր կալանքի տակ են միայն այն բանի համար, որ համարձակվել են հակադրվել, ինչը վենդետա է։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը կալանքի տակ է հունիսի 18–ից։ Ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու Սամվել Կարապետյանի խոսքը իշխանությունը դիտարկեց որպես «իշխանության զավթման փորձ»։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին էլ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։