Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը չի բավարարել պաշտպանների բողոքը

Որոշումը հրապարակվել է գրավոր ընթացակարգով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Գործարար և բարերար Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ. Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը չի բավարարել պաշտպանների բողոքը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նա տեղեկացրեց, դատարանը նաև մերժել է գլխավոր դատախազության բողոքը` փողերի լվացման հիմնավոր կասկածը հաստատելու հետ կապված։
Որոշումը հրապարակվել է գրավոր ընթացակարգով:
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։
Հուլիսի 4–ին գործարարը մեկուսարանից ուղերձ հղեց` հայտնելով նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին։
Հուլիսի 17-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ փողերի լվացում և հարկերից խուսափում։ Օգոստոսի 15–ին ավելի քան 12 ժամ տևած դատական լսումներից հետո Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։