ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբորը մեղադրանք է առաջադրվել. նրա նկատմամբ տնային կալանք է կիրառվել

Նարեկ Մկրտչյանի եղբայրը ձերբակալվել էր սեպտեմբերի 3-ին Փարաքարում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Sputnik Արմենիայի տեղեկություններով` ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել։ Լուրը ճշտելու համար դիմեցինք ՀՀ քննչական կոմիտե։

«Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի մեղադրանք է ներկայացվել ՔՕ 335-րդ հոդվածի 1-ին մասով` հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը»,– հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Ըստ ՔԿ–ի` նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը։
Հիշեցնենք` Նարեկ Մկրտչյանի եղբայրը` Մկրտիչ Մկրտչյանը, ձերբակալվել էր սեպտեմբերի 3-ին Փարաքարում։ Ըստ ՆԳՆ–ի` այդ օրը պարեկները Փարաքար համայնքի Երևանյան փողոցում ստուգման նպատակով մի ավտոմեքենա են կանգնեցրել։ Ուղևորը դուրս է եկել մեքենայից և փախել՝ ճանապարհին նետելով իր մոտ եղած իրերը՝ ատրճանակ և փոշենման զանգված։ Մեքենայի վարորդը (Մկրտիչ Մկրտչյանը) նույն պահին ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության բաժին։ ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը սեպտեմբերի 4-ին հայտնեց, որ Մկրտիչ Մկրտչյանի մոտ ոչինչ չի հայտնաբերվել։
Քրեական վարույթ է նախաձենվել ՔՕ 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), 393-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 396-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի)։