Թրամփը ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հստակ պարտավորություն չի ստանձնել. ԶԼՄ

ՌԴ-ի դեմ պատժամիջոցների թեմայով զրույցը տարաձայնությունների է հանգեցրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ–ի դեմ որևէ նոր պատժամիջոց սահմանելու հստակ պարտավորություն չի ստանձնել։ Այս մասին գրում է «Wall Street Journal» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Այսպես կոչված «ցանկացողների կոալիցիայի» մասնակիցների հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին Փարիզում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախագահությամբ: Ֆրանսիայի առաջնորդը հայտարարել է, որ կոալիցիան ԱՄՆ-ի հետ համատեղ համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների սահմանումը, եթե Ուկրաինայի հարցում առաջընթաց չլինի։
Ինչպես նշում են եվրոպացի պաշտոնյաները, Թրամփը համաձայնել է, որ ԱՄՆ-ն և Եվրոպան կարող են համատեղ տեխնիկական աշխատանք սկսել ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների, այդ թվում՝ այլ երկրների դեմ երկրորդային պատժամիջոցների ուղղությամբ:

«Թրամփը նոր պատժամիջոցներ սահմանելու հստակ պարտավորություններ չի ստանձնել»,- նշում է պարբերականը:

«Bild»–ն էլ գրում է, որ Թրամփը եվրոպացիներին մեղադրել է ռուսական նավթ գնելու և դրանով իսկ ռուսական ռազմական մեքենային օգնելու մեջ:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը փորձել է առարկել և հայտարարել է, որ ԵՄ նավթի ներմուծումը զգալիորեն կրճատվել է Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո: Հետագա զրույցի ընթացքում Թրամփին պարզաբանել են, որ Ռուսաստանից նավթ են ներկրում միայն Հունգարիան և Սլովակիան։ Սակայն, պարբերականի տվյալներով, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը Եվրոպային մեղադրել է Հնդկաստանի տարածքով ռուսական նավթ գնելու մեջ։
ՌԴ-ում բազմիցս հայտարարել են, որ երկիրը կհաղթահարի պատժամիջոցային ճնշումը, որն Արևմուտքը սկսել է գործադրել և շարունակում է ուժեղացնել։ Ըստ ՌԴ–ի` Արևմուտքին պակասում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ձախողումը ճանաչելու խիզախությունը։ Արևմտյան երկրներում բազմիցս կարծիքներ են հնչել, որ հակառուսական պատժամիջոցներն անարդյունավետ են։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը: Նրա խոսքով՝ Արևմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է։
26 երկիր պարտավորվել է զսպման ուժեր տեղակայել Ուկրաինայում. Մակրոն