ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբեր – Sputnik. Պորտուգալիայի հավաքականի հետ հանդիպումը մեզ համար շատ դժվար կլինի, և դա գաղտնիք չէ։ Հայաստան – Պորտուգալիա խաղից առաջ, նախախաղային ասուլիսում ասաց մեր հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
Նշենք, որ Եղիշե Մելիքյանի համար Պորտուգալիայի հետ հանդիպումը պաշտոնական առաջին հանդիպումն է լինելու հավաքականի ղեկին։
«Պորտուգալիայի հավաքականը լավագույն թիմերից մեկն է Եվրոպայում, և այս թիմի հետ արդյունքի հասնելը շատ դժվար է։ Բայց դե մենք էլ ունենք տարբերակներ պայքարելու համար, ու կփորձենք չեզոքացնել մրցակցի ուժեղ կողմերը։ Յուրաքանչյուր խաղի համար ես իմ խաղային պլանն ունեմ, կօգնի, թե ոչ դա մեզ Պորտուգալիայի հետ խաղում, ցույց կտա հանդիպումը։ Պատրաստվել ենք, վերլուծել ենք, մի խոսքով` որոշակի խնդիրներ կարող ենք առաջացնել մրցակցի համար», - նշեց Մելիքյանը։
Խոսելով հավաքականի մասին` նորանշանակ մարզիչն ասաց, որ իր առջև ՀՖՖ-ն կոնկրետ առաջադրանք չի դրել։ «Իմ խնդիրն է լուծել այն հարցերը, որոնք գոյացել են նախկինում։ Ես ուզում եմ առողջ ու մրցակցային մթնոլորտ ստեղծել թիմում, ու մտածել միայն լավ խաղ ցուցադրելու ու արդյունքի հասնելու մասին», - հավելեց Մելիքյանը։
Հավաքականի առաջատար խաղացողներից Էդուար Սպերցյանն էլ նշեց, որ Եղիշե Մելիքյանը ունի մարզելու իր տարբերակները, բայց ամեն ինչ շատ լավ է ընթանում, և մթնոլորտը հավաքականում շատ լավն է։
Էդուրադ Սպերցյանը
© Sputnik / Aram Nersesyan
«Մենք ամեն ինչ արել ենք վաղվա հանդիպմանը լավագույն կերպով նախապատրաստվելու համար։ Ֆիզիկապես և հոգեպես ես շատ լավ վիճակում եմ, և հուսով եմ` կօգնեմ հավաքականին լավ արդյունքի հասնելու համար», - ասաց Սպերցյանը։
Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը վաղն է` սեպտեմբերի 6-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20։00։