Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եվրոպացիները հույս ունեն միանալ Ուկրաինայի հարցով ուղիղ բանակցություններին, երբ Ռուսաստանն ու Ուկրաինան կանցկացնեն երկկողմ հանդիպում, ինչպես նաև տեղի կունենա ԱՄՆ-ի մասնակցությամբ բարձր մակարդակով եռակողմ հանդիպում: Այս մասին Ֆրանսիայի նախագահը հայտարարել է Փարիզում «Կամավորների կոալիցիայի» հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ հանդիպումները կարող են տեղի ունենալ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Մակրոնի խոսքով` ռուս և ամերիկացի գործընկերները կրկին կհանդիպեն. որոշվել են մի շարք առանցքային ժամկետներ:
Միևնույն ժամանակ Մակրոնը որոշել է հանդես գալ սպառնալիքներով։
«Եթե Ռուսաստանը շարունակի հրաժարվել կոնկրետ խաղաղ բանակցություններից, մենք Միացյալ Նահանգների հետ համատեղ լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառենք՝ որպես առաջ չշարժվելու պահվածքի հստակ պատասխան».– ասել է նա։
Ավելի վաղ «Европейская правда» պարբերականը գրել էր, որ Ելիսեյան պալատում ընթացող «Կամավորների կոալիցիայի» հանդիպման մեկնարկից մոտ 40 րոպե անց ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հեռացել է: Նա պետք է ավելի ուշ վերադառնար միջոցառմանը՝ Դոնալդ Թրամփի հետ տեսակապով հանդիպմանը մասնակցելու համար։