Ամերիկացի փաստաբանը մեկնաբանել է Փաշինյանի «կառավարությունը ես եմ» արտահայտությունը

Սամվել Կարապետյանի փաստաբանը նշում է, որ եկեղեցու գործերին ՀՀ կառավարության միջամտությունը նրա աճող ավտորիտարիզմի առանցքային ցուցանիշն է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարությունը հանգում է «կառավարությունը ես եմ» հայտարարությանը: Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը:
Ինչպես հայտնել ենք, Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդը հուլիսի 23-ին հայտնեց, որ Կարապետյանի ընտանիքը հաղթել է ՀՀ կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Կառավարությունն արձագանքեց միջազգային դատարանի վճռին` նշելով, որ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը։ Օգոստոսի 28–ին, սակայն, ՀՀ վարչապետը հայտարարեց` «կառավարությունը ես եմ»` պնդելով, որ նշված գործը հաղթել է կառավարությունը և դրանում կասկած լինել չի կարող։
«Հայաստանի կառավարության միջամտությունը եկեղեցու գործերին նրա աճող ավտորիտարիզմի առանցքային ցուցանիշն է։ «Կառավարությունը ես եմ» արտահայտության մեջ կա այն ամենը, ինչ պետք է իմանալ այս «ժողովրդավարության» մասին, որն այդքան հաճախ գովաբանում է Արևմուտքը»,- գրել է նա։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Այն, ինչ չէր կարելի Սամվել Կարապետյանի ՀԷՑ–ին, կարելի է այսօրվա կառավարչին. Ղազինյան