Արցախի ղեկավարները մինչև վերջ իմ տանն էին․ Կարեն Սարգսյան

Արցախի ՆԳ նախարարը նշեց` ռազմաքաղաքական նախկին ղեկավարները հրաժարվել են դուրս գալ Արցախից, քանի դեռ վերջին հայը դուրս չի եկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik․ Արցախի նախկին ղեկավարները մինչև վերջին պահը եղել են ԼՂ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի տանը։ Սարգսյանն այդ մասին ասաց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում։
«Իրենք եղել են իմ տանը, մնացել են մինչև վերջ։ Իրենք հնարավորություն ունեին կեսից դուրս գալու, բայց դուրս չեկան։ Դուրս գնալու առիթ եղել է, բայց դուրս չեն եկել։ Ինձ ասել են՝ մենք դուրս չենք գալու, մինչև վերջին մարդը, արցախցին, հայը դուրս չգա Արցախից»,- ասաց Սարգսյանը՝ շեշտելով, որ այդտեղ որևէ գաղտնիք չկա։
Նրա խոսքով՝ Արցախի ամբողջ ժողովուրդը դուրս էր եկել, մնացել էին միայն ռազմաքաղաքական նախկին ղեկավարները, նրանց էլ բռնել ու տարել են։
Նշենք, որ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանն իր հարցազրույցներից մեկում, ըստ էության, մեղադրել էր Կարեն Սարգսյանին Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գերեվարման համար։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: