Մարտուն Գրիգորյանն ընդդիմադիր երկու պատգամավորի հետ այցելել է Միքայել Աջապահյանին

Միքայել սրբազանն ու Մարտուն Գրիգորյանը. Արխիվային լուսանկար
Պատգամավոր Գրիգորյանի խոսքով` սրբազանի ինքնազգացողությունը լավ էր, ոգին` անկոտրում ու հաղթական։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Մարտուն Գրիգորյանը, Տիգրան Աբրահամյանը և Աղվան Վարդանյանն այսօր այցելել են «Երևան–Կենտրոն» ՔԿՀ և հանդիպել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։
«Այսօր`«Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ում ես և ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը այցելեցինք Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, տեղում մեզ միացավ նաև Աղվան Վարդանյանը: Փառք Աստծո, Սրբազանի ինքնազգացողությունը լավ էր, ոգին անկոտրում ու հաղթական, դուխն ու հումորը տեղը: Ինչպես և սպասում էի` առաջինը հետաքրքրվեց Շիրակով ու գյումրեցիներով»,– գրել է նա:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Կարող եք ցմահ բանտարկություն տալ ինձ, վախեցող չկա. Միքայել սրբազանը` դատավորին