ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը և Իրանը մշտական կապի մեջ են միջազգային օրակարգի տարբեր ասպեկտների, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Նա խնդրել է իր ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել երկրի գերագույն հոգևոր առաջնորդին։
Փեզեշքիանը վստահեցրել է, որ անձամբ կանի ամեն ինչ՝ Թեհրանի և Մոսկվայի միջև կնքված համաձայնագրերի և ԵԱՏՄ–ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի իրականացման ճանապարհին առկա ցանկացած խոչընդոտ վերացնելու համար։
«Ես լիովին համամիտ եմ Ձեզ հետ, որ մեր հիմնական համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո այն կնպաստի առևտրաշրջանառության աճին և մեր հարաբերությունների ընդլայնմանը բոլոր ոլորտներում», - ասել է նա Պուտինին։
Հիշեցնենք` Ռուսաստանի նախագահն օգոստոսի 31-ին 4-օրյա այցով ժամանել է Չինաստան: Նրա այցելության առաջին վայրը Թիենծին քաղաքն է, որտեղ անցկացվում է ՇՀԿ գագաթնաժողովը: Դրա շրջանակներում Պուտինը կանցկացնի մի շարք երկկողմ հանդիպումներ։
Շանհայի համագործակցության կազմակերպությունը միջազգային միավորում է, որը հիմնադրվել է 2001 թվականին: Այն ներառում է Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը։ 2024 թվականի հուլիսի 4-ին Աստանայի գագաթնաժողովում կազմակերպությանը պաշտոնապես միացել է Բելառուսը։ Դիտորդ երկրներն են Աֆղանստանը և Մոնղոլիան, երկխոսության գործընկեր երկրներն են Հայաստանը, Ադրբեջանը, Բահրեյնը, Եգիպտոսը, Կամբոջան, Կատարը, Քուվեյթը, Մալդիվները, Մյանման, Նեպալը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Շրի Լանկան: