Սերժ Սարգսյանը Բակո Սահակյանի ծննդյան օրվա առիթով խոսել է նրա հարազատների հետ

ՀՀ 3–րդ նախագահը նշել է, որ ինքն ու իր գլխավորած քաղաքական ուժը՝ ՀՀԿ-ն, շարունակելու են իրենց հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անել միջազգային հարթակներում Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների խնդիրը մշտապես բարձրաձայնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի ծննդյան հոբելյանի առիթով հեռախոսազրույց է ունեցել նրա ընտանիքի անդամների հետ` մաղթելով համբերություն և տոկունություն։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել ՀՀԿ–ն։
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Արցախի ազատության և անկախության, արցախահայության անվտանգության համար կյանքի լավագույն տարիներն անմնացորդ հայրենիքին ծառայեցրած իր մարտական ընկերոջ և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մյուս ներկայացուցիչների նկատմամբ Բաքվում իրականացվող ապօրինի դատավարությունը հնարավորինս շուտ կավարտվի, և պատանդի կարգավիճակում պահվող մեր բոլոր ռազմագերիների հետ Բակո Սահակյանը հայրենիք կվերադառնա:
«Այդ նպատակով ես և իմ գլխավորած քաղաքական ուժը՝ ՀՀԿ-ն, շարունակելու ենք մեր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անել միջազգային հարթակներում և Հայաստանում այս խնդիրը մշտապես բարձրաձայնելու, ելքեր փնտրելու պատշաճ իրավապաշտպանության և արդարադատության հասնելու ուղղությամբ, ինչպես նաև ամենօրյա ուշադրության և հոգածության կենտրոնում պահելու Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող մարտական ընկերների ընտանիքներին»,– ասել է Սարգսյանը:
Նշենք, որ Բակո Սահակյանը ծննդյան 65–ամյակը դիմավորում է Բաքվի բանտում։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
ԿԽՄԿ ներկայացուցչությունը Ադրբեջանում գործունեությունը կդադարեցնի սեպտեմբերի սկզբին