ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատման փորձերը ոչնչի չեն հանգեցնի, սակայն բավական ցածր մակարդակով ստորագրված փաստաթուղթը, այնուամենայնիվ, կարող է նպաստել Լոնդոնի շահերի առաջմղմանը Սյունիքով «միջանցքի» նախագծի իրականացման, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների, ինչպես նաև Հարավային Կովկասում ռուսատյացության նոր պլացդարմ ձևավորելու համատեքստում։ Նման կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ Արթուր Աթաևը @SputnikLive-ին տված հարցազրույցում։
Ավելի վաղ Երևանում կայացել էր Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը՝ ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի և Մեծ Բրիտանիայի Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութիի մասնակցությամբ: Հանդիպման առանցքային որոշումը միջպետական հարաբերությունների մակարդակի բարձրացումն էր ռազմավարական գործընկերության կարգավիճակի:
«Եթե նույնիսկ երկու կողմերը շատ ցանկանային դառնալ ռազմավարական գործընկերներ, նրանց մոտ միևնույն է` ոչինչ չէր ստացվի։ Ստորագրումը տեղի է ունեցել մի կողմից հայաստանյան փոխնախարարի, մյուս կողմից՝ Ամերիկայի, Հյուսիսային Եվրոպայի հարցերով բրիտանական նախարարի մակարդակով։ Դա ցածր կարգավիճակ է։ Այնուամենայնիվ, այդ արահետը ժամանակի ընթացքում կարող է լայնանալ, քանի որ կա «Զանգեզուր» բառը, որը կարող է դառնալ իրական նախագիծ։ Այդ 42 կիլոմետրի վրա է, որ սևեռված է բրիտանացիների ուշադրությունը», - նշել է @SputnikLive-ի զրուցակիցը։
Նրա խոսքով` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատասենյակում տեղի ունեցածը (ՀՀ–ի և Ադրբեջանի միջև հռչակագրի ստորագրումը և «Թրամփի ուղին» ամերիկյան կողմին հանձնելը - խմբ.) նախաձեռնել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը և «բավական» պրագմատիկ բրիտանական ԱԳՆ-ն: Ինչպես նշում է Աթաևը, այս համատեքստում կտրուկ ուժեղացել են Հայաստանում բրիտանական շահերը։
Քաղաքագետի կարծիքով` ռազմավարական գործընկերության հայտի՝ Լոնդոնի դրդապատճառների մասին հարցի պատասխանը Հարավային Կովկասում ռուսատյացության նոր պլացդարմ ձևավորելու փորձերի մեջ է:
Մեր զրուցակիցը նաև մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ վաղ թե ուշ Հայաստանն ընտրություն է կատարելու ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամակցության միջև, և կանի իր ընտրությունը, երբ դա անխուսափելի լինի։
Եթե Հայաստանը շարունակի գնալ իր ինքնիշխանությունը կորցնելու ճանապարհով, ապա, ըստ քաղաքագետի, հայաստանյան քաղաքական վերնախավը կարող է ընդհանրապես զրկվել արտաքին քաղաքական վեկտոր ընտրելու իրավունքից:
«Հայաստանը մշտապես կանգնած է այս ընտրության առաջ։ Դա կար հետխորհրդային շրջանում, երբ իշխանության եկավ Լևոն Տեր-Պետրոսյանը, որն ընդհանուր առմամբ արևմտամետ քաղաքական գործիչ էր։ Այդ ընտրությունը դրված էր Սերժ Սարգսյանի առաջ (ՀՀ 3–րդ նախագահ–խմբ.), երբ նա ընտրեց Եվրասիական ճանապարհը։ Եվ պատահական չէ, որ դրա վրա է ուշադրությունը սևեռել գործող վարչապետը, որը քաղաքական հայտարարությամբ հանդես է եկել հենց բարեփոխման փուլում։ Այլ բան է, որ կարող է այնպես պատահել, որ արտաքին քաղաքական վեկտոր ընտրելու իրավունք հայկական քաղաքական վերնախավն այլևս չի ունենա», - ընդգծել է Աթաևը։
Հարավային Կովկասը, Աթաևի խոսքով, մանրադրամ է Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի համար. տարածաշրջանը դառնում է եռացող կաթսա, որտեղ հնարավոր իրագործվելիք քաղաքական նախագծի անկյունաքարը կլինի ռուսատյացությունը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։