ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Ամերիկյան վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփն իրավունք չուներ մաքսատուրքեր սահմանել այնպես, ինչպես դա արել է, ուստի դրանց մեծ մասն անօրինական է: Նման որոշում է կայացրել ԱՄՆ վերաքննիչ դատարանը, հայտնում է RT-ն։
Որոշման մեջ նշվում է, որ օրենքը նախագահին զգալի լիազորություններ է տալիս երկրում հայտարարված արտակարգ դրությանն ի պատասխան որոշ միջոցներ ձեռնարկելու համար:
«...Սակայն այդ գործողություններից ոչ մեկն ուղղակիորեն չի ներառում սակագներ, տուրքեր և այլն սահմանելու, ինչպես նաև հարկման լիազորություններ», - նշել են դատարանում։
Դատարանը հայտարարել է, որ որոշումն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 14-ից ոչ շուտ:
Դատարանի նման որոշումն աննկատ չի մնացել Թրամփի կողմից։ Սպիտակ տան ղեկավարը Truth Social սոցցանցի իր էջում նշել է, որ մինչև Գերագույն դատարանի որոշումը բոլոր տուրքերը շարունակում են գործել: Նա նաև հայտարարել է, որ սակագների չեղարկումը երկրի համար «լիակատար աղետի» կվերածվի։
Օգոստոսին ուժի մեջ են մտել ներմուծման մաքսատուրքերը, որոնք Թրամփը սահմանել էր 65 պետությունների նկատմամբ։ 39 երկրների և ԵՄ-ի ապրանքների վրա տարածվում է 15% մաքսատուրք, ևս 26-ի արտադրանքը ընկել է 18-ից մինչև 41% սակագների տակ:
Չինաստանի հետ քննարկումներից հետո Վաշինգտոնը չինական ապրանքների համար սակագնային դրույքաչափ է սահմանել 30%-ի մակարդակում, իսկ Հնդկաստանի համար հրամանագրում ամրագրված 25% մաքսատուրքերի վրա 25% տուգանք է սահմանվել ռուսական նավթ գնելու համար: