ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Հնդկաստանը դատապարտում է Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով լրագրողների սպանությունը: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը։
«Լրագրողների սպանությունը ցնցող է և խոր ափսոսանք է առաջացնում։ Հնդկաստանը միշտ դատապարտել է հակամարտության ժամանակ խաղաղ բնակիչների մահը։ Որքան մեզ հայտնի է, իսրայելական իշխանություններն արդեն հետաքննություն են սկսել»,-ասվում է հնդիկ դիվանագետի հայտարարության մեջ։
Ավելի վաղ «Al Jazeera» հեռուստաալիքը հայտնել էր, որ Գազայի հատվածի հարավում գտնվող «Նասեր» հիվանդանոցի վրա իսրայելական հարվածի հետևանքով 5 լրագրող է մահացել: Գազայի հատվածի իշխանությունների տվյալներով՝ ընդհանուր առմամբ գնդակոծության զոհ է դարձել 20 մարդ: Մահացած լրագրողներից Մարիամ Աբու Դիկկան և Մուհամմեդ Սալյաման արտահաստիքային հիմունքներով համագործակցում էին ՌԻԱ Նովոստիի հետ: