ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Ղրղզստանում Հաղթանակի գագաթը բարձրանալուց հետո վերջին երկու շաբաթվա ընթացքում առնվազն հինգ ալպինիստ-զբոսաշրջիկ է մահացել։ Էքստրեմալ սպորտի սիրահարները բարձրացել են գագաթը, սակայն ոչ բոլորին է հաջողվել իջնել այնտեղից։
Առաջին զոհը Ռուսաստանի ալպինիզմի հավաքականի ավագ Նիկոլայ Տոտմյանինն էր։ 66-ամյա մարզիկը գագաթ էր բարձրացել օգոստոսի 10-ին, սակայն հաջորդ օրը, արդեն վերադառնալուց հետո, մահացել էր հիվանդանոցում՝ սրտի կաթվածից: Օգոստոսի 12-ին ողբերգությունը կրկնվել է. իրանցի լեռնագնացներ Մարիամ Փիլեհվարին և Հասան Մաշհադիօղլուն մահացել են իջնելու ժամանակ:
Ճանապարհին նրանք հանդիպել են ռուսաստանցի Նատալյա Նագովիցինային, որը կոտրել էր ոտքը և մնացել սարի վրա։ Նագովիցինան կապի մեջ էր ռուսաստանցի Ռոմանի, գերմանացի Գյունտերի և իտալացի Լուկայի հետ։ Տուժածին օգնելու օտարերկրացիների փորձերը տխուր ավարտ են ունեցել։
Օգոստոսի 13-ին Լուկան և Գյունտերը ալպինիստուհուն վրան, գազ և սնունդ են բերել, սակայն նրան չեն կարողացել տարհանել վատ եղանակի պատճառով: Հաջորդ օրը նրանք ստիպված են եղել վերադառնալ։ Լուկան ցրտահարվել է և մահացել։
Վերջին անգամ Նատալիան կյանքի նշաններ է ցույց տվել 7 օր առաջ՝ դրոնով են նկարահանել։
Ոտքի կոտրվածքից և նրա այնտեղ մնալուց անցել է ավելի քան 14 օր։ Նատալիայի ամուսինը՝ Սերգեյը, մահացել է 4 տարի առաջ վերելքի ժամանակ. 6900 մետր բարձրության վրա նա կաթված է ստացել և ընկել անդունդը:
Փրկարարների տվյալներով՝ չորս զոհվածների մարմինները դեռ չեն պատրաստվում տարհանել. լեռան վրա պայմանները դեռ չափազանց վտանգավոր են: Հայտնի է միայն ռուս կնոջ և իտալացու գտնվելու վայրը։ Իրանցիներին չի հաջողվել հայտնաբերել նույնիսկ դրոնի օգնությամբ։