Ես եմ Սամվել Կարապետյանին խնդրել գնել ՀԷՑ-ը․ ՀՀ երրորդ նախագահ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը
ՀՀ երրորդ նախագահը չի բացառում, որ ՀԷՑ-ի ազգայնացման գործողության հետևում թաքնված է ընտրություններին ընդառաջ ընտրական ռեսուրսներ գեներացնելու ցանկությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik․ Գործարար, բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ սեփականատեր Սամվել Կարապետյանի ստեղծած քաղաքական նոր ուժի հետ, հնարավոր է գործակցելու եզրեր գտնել։ Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Մենք ցանկացած ընդդիմադիր ուժի հետ գործակցելու եզրեր տեսնում ենք, եթե այդ գործակցության ձևերն ու մեթոդները մեզ համար ընդունելի են։ Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, ապա ես պետք է բացահայտ ասեմ, որ նրան ես եմ խնդրել, որ ռուսական մեկ այլ ընկերությունից ինքը ձեռք բերի ՀԷՑ-ը, որովհետև էլեկտրական ցանցերն իրոք շատ վատ վիճակում էին, և պետք էր մարդ, ով սրտացավություն կցուցաբերեր, պետք էր մեկը, ով կցանկանար տևական ժամանակ շահույթ չհետապնդել, այլ ներդրումներ անել, ինչը գոնե մինչև 2018 թվականը Սամվել Կարապետյանն արել է»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Ինչ է եղել 2018-ից հետո՝ ՀՀ երրորդ նախագահը չգիտի, բայց կարծում է, որ Կարապետյանը պետք է շարունակած լիներ ներդրումները։
Ինչ վերաբերում է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ազգայնացման գործընթացին՝ Սերժ Սարգսյանը դրան միանշանակ վատ է վերաբերվում։ Չի հասկանում, թե ինչպես կարելի է հապշտապ օրենքներ ընդունել, գնալ և ուրիշի սեփականությունը կառավարել, մարդկանց աշխատանքից ազատել, ֆինանսական միջոցներ տնօրինել։
Անդրադառնալով այս ամենի նպատակին՝ Սերժ Սարգսյանն առաջարկում է գործողության հեղինակին հարցնել, միաժամանակ չի բացառում, որ ընտրություններին ընդառաջ իշխանություններն ընտրական ռեսուրսի կարիք ունեին, իսկ ՀԷՑ-ը մեծ թվով աշխատակիցներ ունի։
Շեշտեց՝ միանշանակ սատարում է Սամվել Կարապետյանին։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։
ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը, որը հնարավորություն է տալիս պետականացնել ՀԷՑ-ը։
Հուլիսի 4–ին գործարարը մեկուսարանից ուղերձ հղեց` հայտնելով նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին։
Հուլիսի 17-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ փողերի լվացում և հարկերից խուսափում։ Օգոստոսի 15–ին ավելի քան 12 ժամ տևած դատական լսումներից հետո Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։
Կապիտուլյացիան մեկանգամյա ակտ չէ․ Սերժ Սարգսյան