ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik․ ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան կից կառույցները լուծարելու որոշումը սպասվում է սեպտեմբերի 1-ին։ Ադրբեջանական APA-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը` մեկնաբանելով Իլհամ Ալիևի վաշինգտոնյան այցը։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների լուծարման վերաբերյալ դիմումը տարածվել է ԵԱՀԿ երկրների շրջանում, և ակնկալվում է, որ այդ հարցով որոշում կկայացվի սեպտեմբերի 1-ին»,- ասել է նա։
Բայրամովը նաև նշել է, որ մինչև ընթացիկ տարվա հունվար Հայաստանն անհամաձայնություններ ուներ խաղաղության համաձայնագրի որոշ կետերի հետ։
«Հայաստանը մասնավորապես չէր ընդունում այն կետերը, որոնք վերաբերում էին հայցերը դատարաններից հետ կանչելուն և սահմանին երրորդ ուժերի տեղակայում թույլ չտալուն»,- նշել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Նա հավելել է` Բաքուն ակնկալում է, որ ՀՀ–ն փոփոխություններ կանի Սահմանադրության մեջ և ամբողջությամբ կվերացնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար:
Հիշեցնենք` օգոստոսի 8–ին Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեցին յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որը ամրագրում է կողմերի խաղաղության ձգտումը։ Փաստաթղթի տակ ստորագրություն դրեց նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հռչակագրի 2-րդ կետում նշված է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմում են ստորագրել, երկրների ղեկավարները կոչ են անում ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններին ընդունել այս որոշումը։
ՀՀ ԱԳՆ–ն օգոստոսի 11-ին հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը սկսվել է, ԵԱՀԿ մասնակից պետություններին շրջանառվել է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը և առաջարկվող համապատասխան որոշման նախագիծը։