ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իջել է 9 սմ-ով։ Այս մասին տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Հաղորդագրության համաձայն` միայն մեկ շաբաթում՝ 2025 թվականի օգոստոսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում, լճի մակարդակն իջել է 2 սմ-ով և կազմել 1900.54 մ։
«Նշված ժամանակահատվածում Արփա-Սևան ջրատարով լիճ է տեղափոխվել 0.627 մլն խմ ջուր։ 2025 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 24-ը ներառյալ տեղափոխված ջրի ընդհանուր ծավալը կազմել է 100.734 մլն խմ»,- նշում են կենտրոնից։
Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետից ստացված տվյալների համաձայն՝ նույն ժամանակահատվածում Սևանա լճից բաց է թողնվել 15.635 մլն խմ ջուր։ Հունիսի 6-ից մինչև օգոստոսի 24-ը ներառյալ լճից բաց թողնված ջրի ընդհանուր ծավալը կազմել է 147.813 մլն խմ։
Հիշեցնենք` օգոստոսի 14–ին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց, որ Սևանա լճից ոռոգման համար 127.5 մլն մ³–ի փոխարեն 170 մլն մ³ ջուր բաց կթողնվի։