ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի արտադրամասերից մեկի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է , որ հրդեհի մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է այսօր ժամը 16։57-ին, հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և բժշկական ապահովման հերթապահ խմբերը։
«Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Sputnik Արմենիայի տեղեկություններով` հրդեհը բռնկվել է սպունգի արտադրամասում։
Ավելի ուշ ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնեց, որ արտադրամասի հրդեհը մեկուսացվել է ժամը 18։17-ին, մարվել՝ 19։16-ին։ Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։