Ղրիմում կինը փորձել է պայթեցնել ԱԴԾ աշխատակիցներին. ահաբեկչությունը կանխվել է

Ուկրաինայի անվտանգության ծառայության մտահղացմամբ` կինը նույնպես պետք է մահանար պայթյունից։
Sputnik
Հեռախոսային խաբեության զոհ դարձած կինը փորձել է պայթեցնել Ղրիմում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցներին, ահաբեկչությունը կանխվել է։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Իրականացված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է Վոլգոգրադի մարզի 54-ամյա բնակչուհի, որին ուկրաինական հատուկ ծառայությունները Telegram մեսենջերի միջոցով խաբեությամբ ներքաշել են ահաբեկչական գործունեության մեջ»,– ասված է հաղորդագրությունում։
Պարզվել է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈւԱԾ) ներկայացուցիչը մայիսին զանգել է կասկածյալին, ներկայացել որպես Ռուսաստանի ԱԴԾ քննիչ և հայտնել` Ուկրաինայի մի քաղաքացի, որն ընդգրկված է ահաբեկիչների ցուցակում, կնոջ տված լիազորագրով վարկ է վերցրել և փոխանցել Ուկրաինայի զինված ուժերի կարիքներին։ Կինը քրեական պատասխանատվությունից խուսափելու համար գրավ է դրել իր ավելի քան 3 մլն ռուբլի արժողությամբ բնակարանը, մի քանի վարկ է վերցրել և գումարը փոխանցել խաբեբաներին։
Այնուհետև հետևելով ուկրաինացի հրահանգչի ցուցումներին` նա գնացել է Ղրիմ, առաքիչից ստացել է ուղղափառ սրբապատկեր, որում ինքնաշեն պայթուցիկ սարք է եղել: Ստացած իրը նա տարել է ԱԴԾ Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի վարչության շենքի անցակետ, որտեղ ԱԴԾ աշխատակիցները ձերբակալել են նրան։
Բրյանսկի մարզում ձերբակալվել են Արևմուտքում պատրաստություն անցած ուկրաինական դիվերսանտներ
Սրբապատկերի մեջ հայտնաբերվել և վնասազերծվել է մեկ կիլոգրամ տրոտիլի համարժեք հզորությամբ ինքնաշեն պայթուցիկ, որը պետք է գործարկվեր կոդային ազդանշանով։
«Ուկրաինական հատուկ ծառայությունների պլանի համաձայն՝ պայթյունը կհանգեցներ ոչ միայն աշխատակիցների, այլև ահաբեկչություն կատարողի մահվան, որը համակարգողի ցուցումով պետք է անձամբ ուղարկեր պայթուցիկ սարքի գործողության կոդը», - նշել է ԱԴԾ-ն։
Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով, 205-րդ հոդվածի 1-ին մասի (ահաբեկչական փորձ), 222.1 հոդվածի 1-ին մասով (ապօրինի ճանապարհով պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, փոխանցելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով։
ՌԴ ԱԴԾ-ն գեներալ Մոսկալիկի սպանության գործով ևս մեկ տղամարդու է ձերբակալել