Հանրությունն անտարբեր է խաղաղության նկատմամբ. Վիգեն Հակոբյանը՝ Փաշինյանի ակտիվության մասին

Վիգեն Հակոբյանի կարծիքով` Փաշինյանը մի տարուց ավելի ամեն ինչ փորձում է՝ սկսած արտաքին տեսքի փոփոխումից վերջացրած տարբեր տիպի գործողություններով, սակայն նրա ռեյտինգը չի բարձրանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik․ Վերջին շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակտիվությունը պայմանավորված է Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի շուրջ հասարակության կողմից ցուցաբերած անտարբերությամբ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Փաշինյանը, ըստ նրա, փորձում է հնարավորինս բոլոր առիթներն օգտագործել, եթե նույնիսկ առիթ չկա, ապա ստեղծել, որպեսզի հրապարակային դաշտում խոսի այդ մասին։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ շաբաթվա ընթացքում 2 անգամ ներկայացրեց վաշինգտոնյան պայմանավորվածությունները` նախ ուղերձով, ապա մոտ մեկ ժամ տևած ճեպազրույցով։
«Փաշինյանի մոտ կա մտահոգություն և հիասթափություն, որ այդ փաստաթուղթը հասարակության կողմից պատշաճ չի ընկալվել։ Նա լուրջ խաղադրույքներ է դրել դրա վրա, գնացել է զիջումների, բայց քարոզչական էֆեկտ չի ստացել։ Փաշինյանը կարծիքով` իր պատկերացմամբ կարևորագույն ձեռքբերումը պատշաճի չի ընկալվել հասարակության կողմից, այսինքն՝ հասարակության մոտ կա անտարբերություն այդ փաստաթղթի և նոր իրողության նկատմամբ»,– ասաց նա։
Քաղտեխնոլոգի խոսքով՝ այդ փաստաթղթի հետ կապված լուրջ խաղադրույքներ են դրված ոչ միայն Փաշինյանի, այլև այն արտաքին ուժերի մոտ, որոնք փորձում են նրա իշխանությունը երկարաձգել։ Հակոբյանի կարծիքով՝ չնայած Փաշինյանը բավականին լուրջ զիջումների է գնացել, նվաստացումներ ու վիրավորանքներ լսել այս փաստաթուղթը ստանալու ճանապարհին, միևնույն է, արդյունքում իր ակնկալած քարոզչական էֆեկտ չի ստացել։
«Հիշում եք` յուրաքանչյուր ՔՊ–ական իր պարտքն էր համարում թե՛ ստորագրման օրը, թե՛ դրանից հետո հրապարակում անել, քանի որ իշխող թիմն «քարոզչական ռումբի էֆեկտ» էր ակնկալում, սակայն հասարակությունը առանձնապես որևէ ռեակցիա չտվեց՝ ո՛չ դրական, ո՛չ բացասական: Դրանով է պայմանավորված, որ ինքը շարունակում է իր պատկերացմամբ, իր մեկնաբանությամբ խաղաղության գալուստը հնարավորինս շատ մեթոդներով, բավականին լայն աուդիտորիաների առջև բերել, հասցնել, որպեսզի ինքը կարողանա ներքին օգտագործման համար օգտագործել»,- պարզաբանեց քաղտեխնոլոգը:
Ինչու Փաշինյանը չի գնա արտահերթ ընտրությունների, կամ ինչ նոր «թունավոր պրյանիկներ» կլինեն
Հակոբյանը նկատեց, որ Փաշինյանը քարոզչական 2 թեզ ուներ` նախկինների դեմ պայքար և խաղաղություն հաստատելու խոստում։ Հիշեցրեց, որ 2021-ի խորհրդանիշը դարձավ պողպատե մուրճը, այս անգամ պետք է խաղաղության փաստաթուղթը դառնար քարոզչական գործիք։
«Մենք տեսնում ենք, որ ժողովրդին նախկինների թալանածի հետ բերմամբ բավարարելու թեման չի ստացվում, այդ նախկինների թեման այլևս նույն ազդեցությունը չունի։ Մնում է այդտեղ խաղաղության փաստաթուղթը։ Փաշինյանը մի տարուց ավելի զբաղված է նախընտրական կամպանիայով, ամեն ինչ փորձում է՝ սկսած արտաքին տեսքի փոփոխումից վերջացրած տարբեր տիպի գործողություններով` հեծանիվ քշելով, խաղաղության փաստաթղթեր բերելով, բայց ռեյտինգը չի բարձրանում»,– ընդգծեց Հակոբյանը:
Միևնույն ժամանակ, քաղտեխնոլոգը կարծում է, որ սա չի նշանակում, թե իշխանությունը մեխանիկորեն անհաջողության կմատնվի, քանի որ Փաշինյանի դեմ հանդես եկող ընդդիմադիր ուժերն էլ, ըստ նրա, առանձնապես վարկանիշ չունեն:
«Կարծում եմ, որ հիմա ավելի շատ կախված է ընդդիմությունից, որքանով ընդդիմությունը կկարողանա իրական այլընտրանքով հանդես գալ։ Եթե այլընտրանք չառաջարկվի, պատմությունը կարող է կրկնվել»,- ասաց Վիգեն Հակոբյանը։
Վիգեն Հակոբյանը շեշտեց, որ իշխանությունները կարող են ընդդիմությանը ներկայացնել որպես «պատերազմի ձգտող ուժ»: Ըստ նրա, եթե ընդդիմություն ցանկանում է հաղթել, պետք է խաղաղության իր բանաձևն ասի։
«Իրականում մենք ունենք թույլ իշխանություն և ավելի թույլ ընդդիմություն։ 2020 թ.–ից հետո ընդդիմությունը, ժխտելով Փաշինյանի բոլոր քայլերը, իր սեփական կոնցեպտուալ առաջարկները չի արել, և առաջին հերթին հենց խաղաղության և անվտանգության կոնցեպտի շուրջ: Դա թույլ է տվել և թույլ է տալիս Փաշինյանին ջրբաժան դնել խաղաղություն բերողների և պատերազմ բերողների միջև»,- ավելացրեց քաղտեխնոլոգը։
Վիգեն Հակոբյանը նշեց, որ ընդդիմությունը պետք է հանդես գա իրատեսական և ծրագրային առաջարկներով։ Նա շեշտեց, որ ընդդիմությունը պետք է խուսափի պոպուլիզմից, եթե ցանկանում է մրցակցել Փաշինյանի հետ։