Մահացել է լրագրող Կիրիլ Վիշինսկին

Կիրիլ Վիշինսկին ավելի քան մեկ տարի անցկացրել է ուկրաինական բանտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Ծանր և երկարատև հիվանդությունից հետո մահացել է լրագրող, «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության գործադիր տնօրեն և մարդու իրավունքների խորհրդի անդամ Կիրիլ Վիշինսկին։ Նա 58 տարեկան էր:
Կիրիլ Վիշինսկին ծնվել է 1967 թվականի փետրվարի 19-ին Դնեպրոպետրովսկում։ Դպրոցն ավարտելուց և բանակում ծառայելուց հետո ընդունվել է Դնեպրոպետրովսկի համալսարանի բանասիրական ֆակուլտետ, որն ավարտել է 1991 թվականին։ Որոշ ժամանակ աշխատել է որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ, իսկ 1996-ին մտել է լրագրության ոլորտ։
Եղել է Դնեպրոպետրովսկի «11-րդ ալիքի» գլխավոր խմբագիրը, այնուհետև՝ ICTV հեռուստաալիքի խմբագիր և հաղորդավար։ 2006թ․-ին աշխատանքի է անցել Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությունում` դառնալով սեփական թղթակից Կիևում: 2014 թվականի իրադարձություններից հետո գլխավորել է ՌԻԱ Նովոստի-Ուկրաինա գործակալությունը («Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի կազմում)։

2015-ի սեպտեմբերին Վիշինսկին ՌԴ քաղաքացիություն ստացավ՝ պահպանելով ուկրաինականը։ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները 2018-ի մայիսին նրան ձերբակալեցին պետական դավաճանության մեղադրանքով։ Լրագրողին մեղադրում էին Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին հրապարակային հայտարարությունների համար։ Նա անազատության մեջ անցկացրեց 470 օր, մինչ ընթանում էին դատավարությունները, և ազատ արձակվեց 2019 թվականի սեպտեմբերի 7-ին՝ պահվող անձանց փոխանակման շրջանակում։

Ձերբակալությունը մեծ աղմուկ բարձրացրեց. Վիշինսկուն ազատ արձակելու պահանջով հանդես եկան միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, ՌԴ ԱԳՆ-ն, Ժուռնալիստների միությունը, Մարդու իրավունքների խորհուրդը և Հանրային պալատը: Նրա ճակատագրի հարցը բարձրացրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ։
Ազատ արձակվելուց հետո Վիշինսկին վերադարձավ «Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբ և 2019 թվականի հոկտեմբերին ընդգրկվեց Մարդու իրավունքների խորհրդի կազմում։ Վարում էր հեղինակային ծրագրեր, այդ թվում ՝ «Տիպիկ Ուկրաինա» հաղորդումը, որը նախագահ Վլադիմիր Պուտինն անվանել է «համոզիչ և խորը»։ Վիշինսկին եղել է Ռադիո Sputnik-ի գլխավոր խմբագիր, մեդիախմբի գործադիր տնօրեն, ՌԻԱ Նովոստիի վերլուծական նյութերի հեղինակ։
Որպես Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ բարձրացրել է Ուկրաինայում և Բալթյան երկրներում լրագրողների իրավունքների պաշտպանության հարցերը, ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում, քննադատել է արտասահմանյան ինտերնետային հարթակների գրաքննությունը ռուսական ԶԼՄ-ների նկատմամբ։ 2020 թվականին առաջարկել է օտարերկրյա ինտերնետային ընկերություններին պարտավորեցնել գրանցվել Ռուսաստանում, ինչի համար ստացել է նախագահի աջակցությունը։
Կիրիլ Վիշինսկին լրատվամիջոցների ոլորտում Ռուսաստանի կառավարության մրցանակի դափնեկիր է, պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով և «Ղրիմի վերադարձի համար» մեդալով: Նա «Ապրում էր բանտի դիմաց» վերնագրով գիրք է գրել, որը նվիրված է Ուկրաինայում բանտարկության մեջ անցկացրած ժամանակին։
Գործընկերները նշում են, որ Վիշինսկին տաղանդավոր ղեկավար էր՝ հումորի նուրբ զգացումով և ինքնահեգնանքով, կարողանում էր ոգեշնչել մարդկանց։ «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի լրագրողներն ու աշխատակիցները խորին ցավակցություն են հայտնում նրա հարազատներին ու մտերիմներին։